Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պետքարտուղարի օգնականուհին դեռ սովորելու բան ունի» վերնագրի տակ է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը անդրադառնում Էլիզաբեթ Ջոնսի ձեւակերպումներին՝ մասնավորապես նշելով. - «Նրա դիվանագիտական կարողությունները չհերիքեցին նրան հասկանալու, որ ճնշումների իրականացվելու մասին կարող է խոսվել, ասենք, աֆղան կամ իրաքցի ահաբեկիչների, բայց ոչ երբեք բանակցային գործընթացում գտնվող ղարաբաղյան զգայուն կոնֆլիկտի դեպքում: Մի ամբողջ ժողովրդի «քրեական տարրեր» պիտակող տիկնոջ դրսեւորած տեղյակությունն ու անտակտությունը վրդովեցուցիչ լինելուց զատ նաեւ մեծ վտանգ են պարունակում բանակցային գործընթացում անտեղի լարվածություն առաջացնելու եւ հասարակական կրքեր բորբոքելու առումով»: Մեկնաբանը նաեւ հարց է ուղղում. - «Տիկին Ջոնսը իր ձեռքի տակ ունե՞ր քննության արդյունքներ, որոնք վկայեին, թե, մասնավորապես, Ղարաբաղում «քրեական անջատողականներ» են ապրում եւ կառավարում»:

«Հայոց աշխարհ» թերթը «Ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց Ամերիկան Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության առիթով» վերնագրով խմբագրականում ընդգծում է. - «Միացյալ Նահանգները խոր վիրավորանք է հասցնում Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի շուրջ 17ամյա արդարացի պայքարի ծնունդը, միաժամանակ ողջ հայության յուրահատուկ «ազգային գաղափարը» հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ նրա իշխանություններին դասելով հետխորհրդային անկայուն, կոռումպացված, քրեականացված անջատողականների շարքը»: «Կեղծիքը ծանր հարված է կարծես թե վերելք ապրող եւ անգամ լուրջ ռազմաքաղաքական համագործակցության շրջափուլ թեւակոխող հայամերիկյան հարաբերություններին», - գնահատում է «Հայոց աշխարհ»-ը։ Ի վերջո, թերթի հաշվեկշռով՝ «ԱՄՆը շահեց անկայուն, գերկոռումպացված եւ ծայրաստիճան քրեականացված Ադրբեջանի ժառանգական միապետի, այսինքն՝ բռնապետի բուռն համակրանքը, եւ կորցրեց կայուն, ազատ ու ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի հարգանքը»։

«Ըստ որոշ վերլուծաբանների, եթե Հայաստանի ընդդիմությունը ժամանակին հստակեցներ իր դիրքորոշումը դեպի Արեւմուտք, ապա այսօր կլիներ նույն վիճակում, ինչպես եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում»: «Առավոտ» թերթի այս հարցադրմանը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը արձագանքում է. - «Ցավոք, չափից ավելի շատ են պարզունակ եւ արհեստական վերլուծությունները, իմաստ չեմ տեսնում նորից անդրադառնալ այդ ամենին, ուղղակի կասեմ, որ մեր քայլերի տրամաբանությունը բխել է մեր իրականությունից: Պարզապես մի տեղ հաջողությունը կարող է մի քիչ ավելի շուտ գալ, մի ուրիշ տեղ՝ ավելի ուշ: Նույն Ուկրաինայում էլ անմիջապես չի եղել: Բայց կարեւորը հետեւողականությունն է, որը կա «Արդարություն» դաշինքում: Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունը հաղթանակելու է Հայաստանում: Դա պարզապես անխուսափելի է», - հավաստիացնում է Ստեփան Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր նոր ֆորմատի, նոր դաշինքի մասին խոսակցություններին, ՀԺԿ նախագահը դրանք անպտուղ է որակում՝ ակնարկելով, որ առհասարակ դաշինքներ ստեղծվում են ընտրությունների ժամանակ:

Այս տարի, սակայն, ընտրություններ լինելու են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, եւ ընդդիմության ներկայացուցիչներն էլ արդեն ասում են, որ այս ընտրություններին պետք է լրջորեն նախապատրաստվեն, եթե չեն ուզում տանուլ տալ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը այսօր նաեւ փոխանցում է. - «Քաղաքական հիմնական ուժերը վստահ են, որ հոկտեմբերին Հայաստանը վերածվելու է հերթական ռազմական թատերաբեմի, որտեղ իրար դեմ են դուրս գալու կոալիցիայի կուսակցություններն ու ընդդիմությունը: Քանի որ, ըստ նախնական վարկածի, 2008-ին այլեւս չի լինելու ՀՀԿ-ին, «Օրինակ երկիր»-ին ու ՀՅԴ-ին իրար կապող Ռոբերտ Քոչարյանը, ու այդ կուսակցություններից յուրաքանչյուրը նախագահի իր թեկնածուն է ունենալու, այդ պատճառով էլ կոալիցիայի կուսակցություններից յուրաքանչյուրի համար խիստ կենսական են դառնում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք մեզանում դիտարկվում են ուղիղ տրամպլին՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում կեղծիքներ անելու հնարավորինս մեծ լծակներ ունենալու համար»: «Հայկական ժամանակ»-ում շրջանակված է. - «Այսպիսով, կոալիցիոն կարծեցյալ մեղրամիսը կձգվի ամենաշատը մինչեւ մայիս. դրանից հետո արդեն կսկսվի փոխադարձ մեղադրանքների ու մերկացումների մի այնպիսի շքահանդես, որ լրատվամիջոցները ձանձրանալու առիթ չեն ունենա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG