Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը «զգուշավոր լավատես» է ղարաբաղյան հակամարտության հարցում


Չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «մեծ ուշադրություն է հատկացվելու փետրվարի երկրորդ կեսին կայանալիք Ադրբեջանի նախագահի այցին Ռուսաստան»:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարը, ով հունվարի վերջին մեկնելու է Բաքու՝ այդ այցը նախապատրաստելու, ասել է, թե Բաքվում քննարկվելու են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ ԱՊՀ վերափոխմանը առնչվող հարցեր: Լավրովը չի բացառել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկումը:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Աստանայում կայացած հանդիպումից եւ Վլադիմիր Պուտինի հետ նրանց հանդիպումից հետո նկատվում են դրական առաջխաղացումներ», - հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով. - «Ես սա ասում եմ զգուշավոր լավատեսությամբ»:

Իսկ փետրվարի 18-ին Լավրովը կմեկնի Վրաստան: «Կքննարկվի Վրաստանում առկա ենթակառուցվածքների, այդ թվում՝ ռուսական ռազմական բազաների օգտագործմամբ՝ հակաահաբեկչական կենտրոնների ստեղծման հարցը», - նշել է Սերգեյ Լավրովը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային կապի վերականգմանը, Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ռուս-վրացական երկխոսության ընթացքում կհաջողվի վերականգնել Սոչի-Թբիլիսի երկաթուղին եւ լուծել երկար ժամանակ Հայաստանին մտահոգող այդ խնդիրը:

Թբիլիսիից Սերգեյ Լավրովը կժամանի Երեւան, որտեղ կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա, ինչպես նաեւ տարածաշրջանին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG