Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի արձանագրմամբ՝ տարեսկզբից Ադրբեջանի պետական քարոզչությունը «լայնածավալ կամպանիա է ծավալել 2005 թվականին հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման խնդրի շուրջ». - «Այս անգամ սկզբնավորվող կամպանիան դուրս է գալիս զուտ ներքաղաքական նպատակների շրջագծից՝ իր մի քանի հիմնական հարցադրումներով: Դրանք են. 2005 թվականի մատնանշումը որպես բանակցությունների եւ դրանից բխող «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքի հանգուցալուծման վճռորոշ տարի, պատերազմի անհրաժեշտության եւ անգամ անխուսափելիության դիտարկումը իբրեւ բանակցային գործընթացում հայկական կողմի զիջողականությունը մեծացնելու, այսինքն՝ շանտաժի միջոց, եւ վերջապես Ադրբեջանի ռազմական ծախսերի վերջին մեծացման փաստի մեկնաբանությունը իբրեւ պատերազմում Հայաստանի հանդեպ հաղթանակի անխուսափելիության ապացույց»: Մեկնաբանի համոզմամբ, սակայն՝ եթե մինչեւ տարեվերջ արմատական փոփոխություններ չարձանագրվեն տարածաշրջանում, ապա «Ադրբեջանը կբավարարվի միայն ներկա ռազմաքաղաքական շանտաժով»: Այսուհանդերձ, «Հայոց աշխարհ»-ում նաեւ ընդգծված է. - «Հայաստանը այսուհետեւ պարտավոր է իր ռազմավարությունը որոշակիորեն «թարմացնել»՝ այն կառուցելով ոչ թե հակառակորդի պարբերական բնույթ ստացած սպառնալիքների, այլ վերջինիս իրական հնարավորությունների եւ ամենակարեւորը՝ Հարավային Կովկասում գերտերությունների ուժերի «մեծ հաշվեկշռի» փոփոխության հավանական տարբերակների հաշվառման վրա»:

«Այն հանգստությունը, որ Հայաստանի ղեկավարությունը ցուցադրում է ԵԱՀԿ փաստահավաք խմբի առաքելության մասին խոսելիս՝ առնվազն անհանգստացնող է», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Քանզի Ադրբեջանը դժվար թե այդքան հետեւողականորեն հետամուտ լիներ այդ առաքելության ձեւավորմանը՝ նախապես պլանավորած չլինելով դրանից բխող ինչ-որ ուրիշ նախաձեռնություններ... Բացի այդ, ակնհայտ է, որ փաստահավաք խումբը ձեւավորվեց Հայաստանի իմիջի «միջազգային բացասականացմանն» ուղղված միջոցառումների ֆոնին, ու այս առաքելությանը միայն որպես ադրբեջանական նախաձեռնություն վերաբերելը ճիշտ չի լինի»:

«Եթե ղարաբաղյան հարցում ինչ-ինչ զիջումները դառնան անխուսափելի, ապա Ռոբերտ Քոչարյանը անխուսափելի քաղաքական կործանումից կարող է խուսափել միմիայն, եթե վայելի հանրության գոնե զգալի հատվածի աջակցությունը», - այս տեսանկյունից է նաեւ «Իրավունք» թերթի մեկնաբանը նայում Ռոբերտ Քոչարյանի վերջին որոշ քայլերին: Բայց հանրության համակրանքին արժանանալու մղումների առավել էական դրդապատճառները համարվում են ներքաղաքական: «Քոչարյանին անհրաժեշտ է իր իրավահաջորդի խնդիրը պահել սեփական վերահսկողության ներքո, հետեւաբար նա պետք է իր այսօրվա մերձավոր շրջապատին հակադրելու բան ունենա», - գրում է մեկնաբանը: - «Ամենայն հավանականությամբ, նրան սկսել է անհանգստացնել այն, որ չինովնիկական եւ օլիգարխիկ հենարանները իր համար այլեւս հարյուր տոկոսով վերահսկելի չեն, եւ ավելին՝ սկսում են չափազանց ակտիվ դեր խաղալ «գնացող» Քոչարյանի իրավահաջորդի փնտրտուքի գործընթացներում»: «Իրավունք»-ում նաեւ համադրվում է. - «Աշխարհաքաղաքական կողմնորոշման առումով ընդդիմադիրների մեծ մասը քիչ բանով են տարվերբում իշխանական ուժերից, իսկ այս պահին Հայաստանի իշխանությունը Արեւմուտքի համար կարծես թե հիմնականում ընդունելի է, մանավանդ, որ այդքան արդյունավետ խորհրդարանով անցկացրեց իրաքյան զորախմբի հարցը, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հրապարակավ ստանձնեց արմատական բարեփոխումների պարտավորությունը: Ու երեւի այս գործընթացներով է պայմանավորված եւ այն, որ ընդդիմության մի մասը խոսում է ընդդիմադիր նոր ֆորմատի մասին»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար կազմը ամեն կերպ ընդդիմանում է եւ ձգտում պահպանել Ալբերտ Բազեյանին քաղխորհրդի նախագահի պաշտոնում, չնայած վերջինիս ներկայացրած հերթական հրաժարականին: Ալբերտ Բազեյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում իր քայլը պատճառաբանել է այսպես. - «Հավանաբար, այս ժամանակահատվածում ես չկարողացա տեղավորվել կուսակցության ղեկավար մարմնի կաղապարներում: Մենք որոշակի նպատակներ ենք առաջադրել, խնդիրներ ենք ձեւակերպել, հանրությանը խոստումներ ենք տվել, որոնց գլխավոր մասն իրականացված չէ, եւ գտնում եմ, որ առաջին պատասխանատուն ես եմ: Կուսակցությունում որոշակի լճացում կա, եւ այսօր փոփոխությունների կարիք կա»: «Առավոտ»-ում եւ «Հայկական ժամանակ»-ում, սակայն, ակնարկվում են այս հրաժարականի այլ ենթատեքստեր եւս: Բազեյանի, ինչպես եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանի հավանական հեռացումը քաղաքական ասպարեզից կապվում է «Հանրապետություն» կուսակցությունում տեղի ունեցող այն պրոցեսների հետ, ըստ որոնց՝ կուսակցությունը փորձում է հստակեցնել իր քաղաքական կուրսը: «Ակնհայտ է, որ «Հանրապետություն» կուսակցությունն առաջիկայում կտրուկ փոխելու է իր քաղաքական կուրսը», - նշվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Մարտի չորսի համագումարում պաշտոնապես հայտարարվելու է «Արդարություն» դաշինքից դուրս գալու եւ ընդդիմադիր նոր ֆորմատի ստեղծման մասին, որը գործելու է աջ-ազատական դաշտում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG