Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Ադրբեջանի նպատակը Հայաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն է»


«Ադրբեջանի նպատակը միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է», - ըստ ադրբեջանական «Day.az» ինտերնետային կայքի, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Անդրադառնալով Եվրախորհդում ղարաբաղյան հարցի շուրջ առաջիկա լսումներին՝ Մամեդովը նշել է, թե «նման քննարկումը օրինակ կծառայի մյուս միջազգային կազմակերպությունների համար»: «Դեւիդ Աթկինսոնի պատրաստած զեկույցում ասվում է, թե գրավյալ տարածքները գտնվում են անջատողականների տիրապետության տակ: Այժմ այդ հարցով ԵԽԽՎ-ն կընդունի առանձին բանաձեւ», - ասել է նա:

«Լեռնային Ղարաբաղի հարցով մեր արտաքին քաղաքականությունը ուղղված է ե’ւ մեր տարածքների վերադարձման հարցում միջազգային հանրության աջակցությունը ստանալուն, ե’ւ աշխարհում այնպիսի դիրքորոշման ձեւավորմանը, որ բանակցությունների ապարդյուն լինելու դեպքում մենք իրավազոր լինենք սկսել ռազմական գործողություններ, ե’ւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը», - հայտարարել է Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքերով, այս ուղղությամբ Ադրբեջանը տանում է լարված եւ հետեւողական աշխատանք:

«Միջազգային ատյաններում Ադրբեջանի կողմից վարվող հետեւողական աշխատանքի արդյունքում որոշ երկրներ եւ կազմակերպություններ այլեւս բացահայտ կերպով չեն պաշտպանում Հայաստանին, ինչպես նախկինում էր», - կարծում է Մամեդովը:

«Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ի բանաձեւում տեղ կգտնեն Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների գրավման, ավելի քան 1 միլիոն փախստականների մասին փաստերը, մենք կկարողանանք ավելի բարձրաձայն պահանջել այս կազմակերպությունից պատժամիջոցներ կիրառել զավթիչ երկրի նկատմամբ: Կարծում եմ, քննարկումները Եվրախորհրդում դրականորեն կանդրադառնան հակամարտության կարգավորման վրա եւ էլ ավելի կուժեղացնեն Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում», - ասել է Նովրուզ Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG