Մատչելիության հղումներ

Անցած տարեվերջին աշխուժացած խոսակցությունները, թե ձեւավորվում է ընդդիմադիր նոր դաշինք եւ դրա ստեղծման շուրջ բանակցություններ են ընթանում մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների միջեւ, անհիմն չեն, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան: Իսկ ընդդիմադիր խոշորագույն քաղաքական ուժի՝ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ «ինչ-որ արհեստական բան կա այս ամենի մեջ»:

«Ճիշտ չեմ համարում, երբ մի ֆորմատի մեջ ես եւ անընդհատ խոսում ես նոր ֆորմատների մասին», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ավելի ճիշտ է հասնել նրան, որ «Արդարություն»-ը է’լ ավելի արդյունավետ աշխատի»:

«Շատ են խոսում նոր միավորումների մասին, սակայն մենք կարող ենք արձանագրել, որ իրական օրինակը համախմբման դա «Արդարություն» դաշինքն է: Մնացած նոր ֆորմատները խոսակցություններից այն կողմ դեռ չեն գնացել, որեւէ ֆորմատ չի ստեղծվել», - շարունակեց Դեմիրճյանը: - «Առհասարակ, ինչ-որ արհեստական բան կա այս ամենի մեջ: Ֆորմատներ ստեղծվում են, դաշինքներ ստեղծվում են ընտրությունների ժամանակ»:

Դեմիրճյանի խոսքերով, համախմբումը ընդհանուր նպատակի շուրջ հասկանալի է, սակայն արհեստական ֆորմատներով «հարց չի լուծվում»:

Նոր քաղաքական միավորում ձեւավորելու շուրջ բանակցությունները անցած տարեվերջին ընթացել են հիմնականում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ու համեմատաբար նոր ստեղծված Ազատական ժողովրդավարական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի միջեւ:

Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, թե Ստեփան Դեմիրճյանը նույնպես սկզբնական շրջանում մասնակցել է այդ հանդիպումներին: Նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հովհաննես Հովհաննսիյանի հետ քննարկումների արդյունքում նոր բլոկի ձեւավորման մասին հայտարարություն անելը դեռ վաղ է, նախկին վարչապետը ասաց. - «Քննարկվել է նաեւ ինչ-որ պահի, ինչ-որ պարագայում ստեղծել նոր ֆորմատ նոր գործընկերներով, եւ դրան մասնակցել է ինչ-որ ժամանակ նաեւ Ստեփան Դեմիրճյանը: Հետո հրաժարվեց մասնակցելուց»:

Արամ Սարգսյանը միաժամանակ ընդգծեց, որ «Արդարություն» դաշինքը տրոհելու կամ թուլացնելու խնդիր չկա:

««Արդարություն» դաշինքին դեմ որեւէ ֆորմատ չի ստեղծվի, բայց... թարմացնել, իմ համոզմամբ, պետք է», - ասաց նա՝ ավելացնելով, որ «Արդարություն» դաշինքի առաջարկած տարբերակները լրացվելու, ուժեղացվելու կարիք ունեն եւ հենց այս համատեքստում են ընթանում շփումները մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG