Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարը կրկին հավաստիացնում է, որ հայ խաղաղապահները Իրաք են մեկնում զուտ հումանիտար առաքելությամբ


Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հայկական խաղաղապահ ուժերի Իրաք մեկնելու նախօերին վերահաստատեց, որ վարորդները, սակրավորները եւ բժիշկները Իրաքում իրականացնելու են բացառապես հումանիտար առաքելություն:

«Եթե հայկական զորախմբից սակրավորները պետք է իրականացնեն ականազերծման կամ պայթուցիկների վնասազերծման աշխատանքներ, ապա այդ առաքելության իրականացման ժամանակ անվտանգության խնդիրները, վերահսկումը իրականացվելու է այլ ստորաբաժանումների կողմից: Անգամ այդ մասով Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի վերցրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Աղաբեկյանը:

«Ուղարկվող անձնակազմը 46 զինծառայող է՝ վարորդներ, բժիշկներ եւ ականազերծողներ», - ավելացրեց նա: - «Մեր զինծառայողները մեկնելու են ամերիկյան ինքնաթիռով: Վաղը կմեկնեն Քուվեյթ, այնուհետեւ, մի քանի օր դասընթաց անցնելուց հետո, կլիմային հարմարվելուց հետո, կմեկնեն ծառայության վայր»:

Հայ-ամերիկյան համագործակցության արդյունքում ստեղծված ականազերծման կենտրոնում, հայ սակրավորները բավական փորձառություն են ձեռք բերել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ականապատված տարածքները վնասազերձելու ընթացքում:

Հայ բժիշկները, փոխնախարարի խոսքերով, թեպետ ծառայելու են հոսպիտալային օղակում, սակայն այնպիսի վերապատրաստում են անցել, որ կարողանան օգնել նաեւ Իրաքի խաղաղ բնակչությունը: Իսկ վարորդների տեղափոխելիք բեռները ունենալու են զուտ հումանիտար բնույթ:

«Հոգեբանական առումով անձնակազմը պատրաստ է եւ գիտակցում է, թե ինչպիսի առաքելություն է դա Հայաստանի համար», - հավաստիացրեց Արթուր Աղաբեկյանը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG