Մատչելիության հղումներ

Պաշտպանությանը հատկացվող ծախսերի մակարդակով Հայաստանը երկրորդն է ԱՊՀ-ում


Ռազմական ծախսերի մակարդակով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը երկրորդն է. ռազմական նպատակներով այս տարի ծախսվելու է կանխատեսվող Համախառն ներքին արդյունքի 3,6 տոկոսը կամ բացարձակ թվով՝ 127 միլիոն դոլար։ Նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր ռազմական ծախսերն ավելացրել է ավելի քան 35 տոկոսով, քանի որ նրա հետ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանը եւս աննախադեպ չափերով՝ շուրջ 36 տոկոսով ավելացրել է ռազմական ոլորտի ֆինանսավորումը։

Փորձագետները նկատում են, որ վերջին երեք տարիներին Ադրբեջանը ամեն տարի գրեթե կրկնապատկել է իր ռազմական ծախսերը։ Անշուշտ ռազմական ծախսերի ավելացումն արվում է ի հաշիվ նավթի վաճառքի, ավելի ստույգ՝ միջազգային շուկաներում նավթի գների անշեղ աճի։ Պաշտպանական կարիքների համար Ադրբեջանը պատրաստվում է 2005 թվականին ծախսել մոտ 245 միլիոն դոլար։

Ռազմական ծախսերի աննախադեպ՝ մոտ 44 տոկոսի աճ է ծրագրում նաեւ Վրաստանը։ Այստեղ ոլորտին հատկացվելու է երկրի Համախառն ներքին արդյունքի 1,2 տոկոսը։

Պատահական չէ, որ ժամանակ առ ժամանակ թե’ Ադրբեջանի եւ թե’ Վրաստանի տարբեր մակարդակի ղեկավարները եւ քաղաքական գործիչները արտահայտվում են իրենց երբեմնի տարածքներում առկա հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու օգտին։
Հարավկովկասյան երկրների ռազմաբյուջետային ծրագրերի համադրումը որոշ փորձագետների նույնիսկ հիմք է տվել եզրակացնելու, թե այս տարի կարող են վերսկսվել ռազմական գործողությունները Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում։

ԱՊՀ մյուս երկրները եւս հետեւողականորեն ավելացնում են իրենց ռազմական բյուջեները, թեեւ թվում էր, թե այդ հավելյալ միջոցները պետք է ուղղեին սոցիալական ու զարգացման խնդիրների լուծմանը։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն նավթ արդյունահանող եւ վաճառող ԱՊՀ երկրների ոչ մեծաթիվ խմբին, այլեւ ռեսուրսներով ու էներգակիրներով աղքատ երկրներին։

2004 թվականին ԱՊՀ երկրների Համախառն ներքին արդյունքը աճել է միջին հաշվով 7, 5 տոկսով, իսկ ռազմական ծախսերը՝ ավելի քան 30 տոկոսով։ Նման համամասնություններ նախատեսվում են նաեւ այս բյուջետային տարվա համար։ Ակնկալվում է, որ ԱՊՀ երկրների տնտեսությունների միջին աճը կկազմի 6-7 տոկոս, մինչդեռ ռազմական ծախսերի 35 տոկոսանոց աճ է պլանավորվել։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ ԱՊՀ երկրների մի մասը տենդորեն նախապատրաստվում է պատերազմի, իսկ մյուս մասը՝ պատրաստվում է պաշտպանվել նրանցից։

ԱՊՀ երկրներից իր ստեղծած արդյունքի համեմատ ռազմական ոլոլտի ամենամեծ հատկացումը նախատեսել է Ուզբեկստանը. այս երկիրը ռազմական նպատակներով պատրաստվում է ծախսել Համախառն ներքին արդյունքի 5,2 տոկոսը, կամ բացարձակ առումով՝ մոտ 736 միլիոն դոլար։ Այս թիվը զիջում է միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Առաջինը ռազմական նպատակներով պատրաստվում է ծախսել 20,5, երկրորդը՝ 1,2 միլիարդ դոլար, ինչը կազմում է այդ երկրների Համախառն ներքին արդյունքի շուրջ 3 տոկոսը։

ԱՊՀ երկրներից ռազմական ծախսերի մակարդակն համեմատաբար ցածր է Մոլդովայում, Ղրղըզստանում եւ Թուրքմենստանում, որտեղ ռազմական նպատակներին հատկացվելու է Համախառն ներքին արդյունքի շուրջ 1 տոկոսը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG