Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ցունամի գործադիր մարմնում», - այսպես է «Առավոտ» թերթի մեկնաբանը որակել կառավարությունում սկսված փոփոխությունների շղթան, որ, ինչպես նախանշվում է, դեռ ավելի ընդգրկուն շարունակություն է ունենալու: «Այս ամենը տեղի է ունենում ոչ թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այլ «կոալիցիայի չորրորդ կողմի»՝ Ռոբերտ Քոչարյանի կամքով», - նշում է մեկնաբանը: - «Այդ հարցերը չեն քննարկվել կոալիցիայի խորհրդի նիստերում, որոնք, ի դեպ, շատ վաղուց չեն գումարվել»: «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու, որի արդյունքում Ջրային ռեսուրսների պետական կոմիտեն, Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության պետական վարչությունը, Փախստականների եւ միգրացիայի պետական վարչությունը, նաեւ՝ պետական արխիվային համակարգը անցնելու են Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառույցի ղեկավարության ներքո: «Վերջինիս փաստացի լծակների ավելացման մասին վաղուց էր խոսվում, եւ այդ խոսակցությունները այս օրերին կյանքի են կոչվում, եւ կարող ենք արձանագրել, որ ձեւավորվում է հերթական սուպերնախարարությունը», - երանգավորել է «Հայկական ժամանակ»-ը: «Արտադրական ենթակառուցվածքները համակարգող ու տարածքային կառավարման նախարարությանը միացվելու են Պետական գույքի կառավարման վարչությունը, Միգրացիայի ու փախստականների վարչությունը եւ Մունիցիպալ ոստիկանությունը», - իր հերթին նշում է «Իրավունք»-ը: Թերթի աղբյուրը նշում է. - «Հովիկ Աբրահամյանին դժվար թե թույլ տան գլխավորել այդ սուպերնախարարությունը, բայց Հանրապետական կուսակցությունը դեռեւս վերջնականապես չի որոշել, թե ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը»:

Շարունակելով քննարկել տնտեսության ստվերայնության ու անօրինությունների դեմ պայքարելու՝ Ռոբերտ Քոչարյանի տարեսկզբից դրսեւորած նոր վճռականությունը, «Հայկական ժամանակ»-ն այսօր ընդգծում է. - «Երկրում էական տեղաշարժեր արձանագրելու համար երբեմն մեծ ջանքեր հարկավոր չեն, մանավանդ որ՝ տեղի ունեցող թալանի օբյեկտներն ու սուբյեկտները անհայտ չեն... Նրանցից շատերը Ռոբերտ Քոչարյանի շրջապատից են եւ բարձր պաշտոններ են զբաղեցնում կոալիցիոն կառավարությունում. ոմանք կոալիցիոն կուսակցությունների հետ են կապված կամ հենց նրանց շարքերում են, իսկ ոմանք էլ՝ իրենց թալանի համար քարտ բլանշ են ստացել իշխանության վերնախավից: Եվ առավելեւս՝ այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը լավ հնարավորություն ունի իր գովական վճռականությունը այս անգամ էլ պետության ու հանրության շահերին ծառայեցնելու»: Այսուհանդերձ, «Հայկական ժամանակ»-ի դիտարկումներով, «հիմա, այսպես կոչված, միջին գործարարության մի ստվար մասը խուճապի մեջ է». - «Իսկ օլիգարխների շրջանում տրամադրության անկում անգամ չկա: Հակառակը, նրանց տրամադրությունը կասկածելիորեն բարձր է, իսկ սափրած գլուխները մարզվում են սովորական ռեժիմով»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի շեշտադրմամբ՝ խոշոր բիզնեսի ոլորտում որքան էլ դժվար է ստվերայնության ծավալների նվազեցումը, այնուամենայնիվ այստեղ փոքր ձեռքբերումներն անգամ կարող են լուրջ ֆինանսական ներարկումների աղբյուր հանդիսանալ բյուջեի եկամուտների համար։ Միաժամանակ, ըստ թերթի, ակնհայտ է՝ խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ «տնտեսավարողները կարողանում են թաքցնել իրենց գործունեության եւ ստացվող եկամուտների իրական ծավալները»։

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, բոլոր նախանշաններով օբյեկտիվորեն ստացվում է, որ «ե’ւ Ռուսաստանը, ե’ւ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարությունից պահանջում են իրականացնել ընդարձակ բարեփոխումներ, այսպես ասած, «հեղափոխություն վերեւից», հակառակ դեպքում ակնարկելով, որ կլինի «հեղափոխություն ներքեւից». - «Հայաստանում, ըստ էության, հեղափոխական բնույթի փոփոխություններն անխուսափելի են՝ լինեն դրանք վերեւից , թե ներքեւից, ամերիկյան, թե ռուսական (իսկ գուցե համատեղ ու փոխպայմանավորված) գերակա ազդակների պայմաններում»: «Խոշոր փոփոխությունների վկայություն է նաեւ այն, որ հենց տարվա սկզբից սկսվեց փոխնախարարների պաշտոնանկությունների հեղեղ, ու այժմ իշխանության միջանցքներում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպիսի կառուցվածքային փոփոխություններ են սպասվում կառավարությունում», - գրում է մեկնաբանը՝ միաժամանակ ուրվագծելով. - «Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք նախաձեռնի կտրուկ փոփոխություններ, ապա շատ արագ բախվելու է սեփական մերձավոր շրջապատի հետ, եւ նրա առջեւ ծառանալու է նոր հենարաններ փնտրելու խնդիր, քանզի զուտ «նախագահական գվարդիայի» եւ պայմանականորեն նախագահին հավատարիմ Դաշնակցության ուժերը ակնհայտորեն բավարար չեն»:

«Երկիր» շաբաթաթերթում ներկայացվող հարցազրույցում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է. - «Այսօր Հայաստանում քաղաքական կյանքը բավական կայուն է, ու այդ առումով մենք չունենք մտահոգություններ, թե կարող է կրկնվել այն, ինչը եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում: Բայց մենք փոքր երկիր ենք, ունենք բավական լուրջ հարցեր, ազգային հարցեր, օրինակ՝ Ղարաբաղը: Եվ այս խոցելի, դյուրաբեկ վիճակը երկրում, հավանաբար, կարող է պատճառ դառնալ, որ որոշ արտաքին ուժեր մտածեն, թե նույն սցենարները կարելի է կրկնել նաեւ այստեղ»: Ըստ Հրանտ Մարգարյանի, սակայն, «տարբերությունը Ուկրաինայի եւ Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի շատ մեծ է, որովհետեւ ընդդիմություն-իշխանություն պայքարը կփոխադրվի մեկ ուրիշ դաշտ, կփոխարինվի ազգայինի եւ ապազգայինի, կամ՝ ազգայինի եւ օտարների կողմից ղեկավարվող ուժերի պայքարի, ու... անպայման հաղթողը ազգային կողմն է լինելու»: Դաշնակցության ղեկավարը այս հարցազրույցում նաեւ ձեւակերպում է. - «Մեր փոքրաթիվ խմբակցությունը խորհրդարանում շատ ավելի հեղինակավոր է, շատ ավելի եղանակ ստեղծող է, քան 30-40 հոգիանոց այլ խմբակցությունները: Հայկական իրականության մեջ մենք ամենամեծ կուսակցություն ենք տարածվածության եւ որակի իմաստով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG