Մատչելիության հղումներ

ԿԲ նախագահը հակադարձում է նախկին վարչապետի քննադատությանը


Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի քննադատական դիտարկումները Կենտրոնական բանկի վարած քաղաքականության առնչությամբ:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նախկին վարչապետը՝ «անհիմն» որակելով Կենտրոնական բանկի բացատրությունները հայաստանյան շուկայում դոլարի կուրսի կտրուկ անկման վերաբերյալ, խորհուրդ էր տվել դրամի արժեքի շուրջ 15 տոկոսանոց բարձրացումը դոլարի նկատմամբ չհամարել դրամի արժեվորում:

«Դրան զուգահեռ վերջին երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել դրամի ավելի քան 22 տոկոս արժեզրկում եվրոյի նկատմամբ», - ասել էր Հրանտ Բագրատյանը՝ փաստարկելով, որ եթե դրամն իրոք արժեվորվեր, դա ինչ-որ չափով պետք է նկատվեր նաեւ եվրոյի դրամային փոխարժեքում: Իսկ եվրոյի նկատմամբ դրամի արժեքը ընկել է:

«Կենտրոնական բանկը չի կարողացել ֆիքսել, որ տնտեսությունը աստիճանաբար «եվրոյացվում է» եւ համապատասխան քայլեր չի ձեռնարկել», - հայտարարել էր Բագրատյանը:

Ընդհակառակը, մոտ մեկ տարի առաջ ոսկու պաշարները վաճառվեցին նորից դոլարով՝ 1400 կիլոգրամ ոսկին վաճառվեց 17 մլն դոլարով: Փաստորեն, ըստ նախկին վարչապետի, վաճառվեց մի ապրանք, որի գինը բարձրանում էր, եւ ձեռք բերվեց մի ապրանք, որի գինը ընկնում էր:

«Մենք ունենք արտաքին պահուստներ Կենտրոնական բանկում 500 միլիոն դոլար», - նաեւ ասել էր Բագրատյանը: - «Այս 500 միլիոն դոլարը 3 տարի առաջ, երբ եվրոն նոր էր մուտք գործում... կազմում էր 700 միլիոն եվրո: Այսօր դա 370 միլիոն եվրո է»:

Հակադարձելով այս քննադատությանը, Տիգրան Սարգսյանը այսօր ասաց. -
«Այդ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ Կենտրոնական բանկը իր պորտֆելի կառուցվածքը փոխել է: Ոսկու վաճառքից հետո մենք կտրուկ ավելացրել ենք ե’ւ եվրոյի տեսակարար կշիռը, ե’ւ ֆունտ ստերլինգի տեսակարար կշիռը: Մեր պորտֆելը ավելի դիվերսիֆիկացված է: Մեր պահուստների կազմում դոլարը կազմում է 56 տոկոս, եվրոն կազմում է շուրջ 25 տոկոս, ֆունտ ստերլինգը 20 տոկոս»:

Հարցին, թե արդյոք բարձրացել է եվրոյի տեսակարար կշիռը Հայաստանի առեւտրային բանկերի պահուստներում, Սարգսյանը պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունը մնում է դոլարիզացված երկիր: Չնայած 2004 թվականին եվրոյով գործառնույթները կտրուկ աճել են, բայց դրանց տեսակարար կշիռը անհամեմատելի ցածր է դոլարի համեմատ: Մեր քաղաքացիները հիմնականում խնայողությունները պահում են դոլարով: Մասնավոր տրանսֆերտների 95 տոկոսը դոլարային տրանսֆերտներ են»:

Կենտրոնական բանկի նախագահը պնդեց նաեւ, որ դոլարը շարունակում է մնալ «համաշխարհային արժույթ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG