Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը ջրի սակագների բարձրացման հայտեր է ստացել


Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, «Հայռուսգազարդ» եւ «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունները անցյալ տարեվերջին արդեն հանձնաժողով են ներկայացրել 2005-2007 թվականների ներդրումային ծրագրերը։ Ներկայացվել են նաեւ սակագների բարձացման հայտեր:

«Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը օրերս հանձնաժողով է ներկայացրել մի հայտ, որով պահանջել է առնվազն կրկնապատկել խմելու ջրի սակագինը, ավելի ստույգ՝ մեկ խորանարդ մետր ջրի սակագինը ներկայիս 90 դրամի փոխարեն սահմանել 187 դրամ 40 լումա։

Ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դա բացատրեց հետեւյալ կերպ. - «Մենք պարտավոր ենք կատարել որոշակի ծառայություններ: Բնականաբար, հաշվի ենք առնում ինչպես մեր եկամուտները, այնպես էլ ծախսերը... Այս տարի նույնպես շահույթ որպես այդպիսին մենք չենք ակնկալում»:

«Անկախ մեր բնակչության գնողունակությունից, անկախ անապահով խավերի առկայությունից, ակնհայտ է, որ ջրամատակարարումը, թերեւս, մնում է միակ կոմունալ ոլորտը, որը աշխատում է պետական լրավճարի շնորհիվ», - ավելացրեց Մուրադ Սարգսյանը:

Խորանարդ մետրի համար 187 դրամը դեռեւս սահման չէ, քանի որ այդ դեպքում էլ ջուր վաճառողները շահույթ չեն ունենա։

Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով ներկայացված ներդրումային հայտերի քննարկմանը հրավիրված են նաեւ սպառողների հավաքական շահերը ներկայացնող հասարակական կազմակերպութունները:

Սակագներ սահմանող հանձնաժողովում վաղը քննարկվելու է «Հայռուսգազարդ»-ի ներդրումային ծրագիրը։ Դրանով գազամատակարար մենատերը նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում 43 միլիոն դոլարի ներդրումներ անել գազաբաշխման համակարգում եւ հանրապետության ողջ տարածքում վերականգնել գազամակատարարումը։

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բոլոր նման ծրագրերի նպատակը վերջին հաշվով հուսալի եւ անվտանգ գազամատարարումը պետք է լինի, մինչդեռ արդեն երկրորդ տարին է, ինչ թունավորումներից ու հրդեհներից երկրում մարդիկ են զոհվում:

«Եթե դա լիներ մեկ դեպք, կլիներ արտակարգ իրավիճակ: Բայց տարվա ընթացքում 20 զոհ եւ մոտավորապես այդքան էլ նախորդ տարում, դրանք ահավոր թվեր են, խաղաղ պայմաններում մենք կորցնում ենք կյանքեր», - ասաց նա՝ ավելացնելով, թե իրենց դիտարկումներով գազը շատ հաճախ մատակարարվում է տեխնիկական պայմանների կոպիտ խախտումներով:

«Հաճախ քաղաքացիները ասում են, որ գազը հոտ չունի, իսկ դա տեխնիկական պայմանների շատ կոպիտ խախտում է, որովհետեւ գազի օդորանտը տրվում է հենց այդ նպատակով, որպեսզի քաղաքացիները զգուշանան»:

Սպառողների միությունում բացասաբար են վերաբերում գազի սակագնի հնարավոր բարձրացմանը. այստեղ ենթադրում են, որ դոլարի փոխարժեքի կտրուկ անկումը պետք է որ նման խնդիր չհարուցեր, քանի որ, Արմեն Պողոսյանի խոսքերով՝ եթե վերջին անգամ գազի գնի բարձրացումը հիմնավորվել էր դրամի արժեզրկմամբ, ապա այժմ՝ դրամի արժեվորման պայմաններով, սակագինը նույն տրամաբանությամբ պետք է իջներ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG