Մատչելիության հղումներ

Պաշտոնազրկվել են երեք փոխնախարար եւ վարչապետի երեք խորհրդական


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանը, արդարադատության փոխնախարար Անատոլի Ավագյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հակոբյանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այլ մանրամասներ չհաղորդեցին:

Փոխնախարարների պաշտոններում նշանակումները նույնպես կատարվում են հիմնականում կոալիցիոն պայմանավորվածությունների արդյունքում:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, երեք ազատված փոխնախարարներից որեւէ մեկը կոալիցիան կազմող կուսակցությունների անդամ չէ: Ըստ որոշ աղբյուրների, Մերուժան Միքայելյանն անդամակցում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը, մինչդեռ, հերքում է դա՝ նշելով, որ Մերուժան Միքայելյանը անկուսակցական է:

Կարինե Հակոբյանն ու Անատոլի Ավագյանը անկուսակցական են, փոխնախարարի պաշտոնում են եղել կոալիցիոն կառավարության կազմավորումից շատ առաջ:

Արդեն որոշված է միայն ազատված արդարադատության փոխնախարար Անատոլի Ավագյանի հետագա պաշտոնեական ճակատագիրը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հունվարի 11-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով Ավագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հունվարի 4-ի որոշումներով պաշտոնից ազատել է նաեւ իր խորհրդականներից երեքին՝ Սլավա Ավանեսյանին, Մանվել Եգանյանին եւ Կորյուն Հակոբյանին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG