Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Հարկային ծառայության ղեկավարների հետ երեկվա հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ձեւակերպումներին ստվերային տնտեսության դեմ պայքարի մոտիվներով «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերն անդրադառնում են որոշակի հեգնանքով: «Իրականում տարիներով չստուգվող ձեռնարկությունները պատկանում են իր քաղաքական շրջապատում գտնվող անձանց, իսկ ստուգվողները կամ առանց տանիքի գործողներն են, կամ՝ որոշակի կապեր ունեն ընդդիմության հետ», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: Եվ պետք է սկսել ոչ թե «հարկային ծառայության աշխատողներից ու նրանց բարեկամներից, այլ հենց Քոչարյանից ու նրա բարեկամներից»: «Այդպես ավելի արդար է», - կարծում է «Հայկական ժամանակ»-ը:

Վառելիքի խոշոր ներկրող, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - « Քանի դեռ Հայաստանում կա խնամի, ծանոթ, բարեկամ` ստվերային տնտեսությունը լինելու է: Այլ խնդիր է, թե ի՞նչ չափերի: Այսօր մենք ունենք շատ լուրջ ղեկավարներ, ես չեմ ամաչում ասել՝ ունենք Քոչարյան Ռոբերտ, որը իր մոտիկների հանդեպ շատ ավելի խիստ է, քան ուրիշների: Այդ իմաստով մեր բախտը բերել է: Գուցե սա սուբյեկտիվ է հնչում, որովհետեւ ես նրա հետ մոտ եմ, բայց, իրոք, դա այդպես է», - հավաստիացնում է Բարսեղ Բեգլարյանը՝ իր վերելքը բիզնեսում մատուցելով այսպես. - «Իմ անցած ուղին, իմ ընկերական հարաբերությունները, ոչ ընկերական հարաբերությունները վերեւների հետ, այն անցած տարիները (մոտավորապես 27 տարի Երեւանում եմ եղել), որոնց ընթացքում այնպիսի հարաբերություններ եմ ստեղծել, որ ուր գնացել եմ՝ դռները ինձ համար բաց են եղել... Ես մինչեւ 97 թվականը իմ կապիտալով եղել եմ զրո... իսկ այսօր մոտավերապես 15 միլիոն դոլար հարկ եմ վճարում պետությանը»:

«Քաղաքական իրադրությունը Հայաստանում խաբուսիկ է. խաբուսիկ հանդարտ, խաբուսիկ կայուն, խաբուսիկ բարեհաջող», - գրում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, որ օդում կախված է ինչ-որ տհաճ անհանգստություն»: Այս առումով «Հայոց աշխարհ»-ում շեշտված է. - «Ինչպիսի լիազորություններով էլ օժտված լինի նախագահը, միանձնյա կառավարել երկիրը նա չի կարող, հետեւաբար պաշտոնյաների էլիտան այսօր դառնում է ներքին քաղաքականության իրականացման գլխավոր հենքն ու գործիքը... Բայց այդ մարդկանց մեծամասնությունը չի հետաքրքրվում ոչ մի գաղափարով, պատրաստ է աջակցել ցանկացած իշխանության: Նրանց մտավոր եւ կուլտուրական մակարդակը միջինից ցածր է: Ըստ որում աչքի են ընկնում ֆանտաստիկ հնարամտությամբ միայն մի հարցում՝ անձնական նյութական բարօրության իրականացման, սոցիալական եւ ադմինիստրատիվ կարգավիճակի պահպանման»: «Ըստ էության, ներկայիս հայրենի էլիտան բացարձակապես անտարբեր է պետության, ժողովրդի եւ հասարակության ճակատագրի նկատմամբ», - շարունակում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը: - «Այդպիսի էլիտայի պարագայում նախագահը կարող է միայն դոփել տեղում՝ պահպանելով ստատուս քվո: Այն էլ մի պայմանով, որ Արեւմուտքը բարենպաստ հնարավորություն ընձեռի Հայաստանին դրա համար: Սակայն տպավորություն է առաջանում, որ Արեւմուտքի կողմից մեզ տրամադրված ընդմիջումն ավարտվում է: Իսկ առաջին իսկ լուրջ հարվածի դեպքում երկիրը կհայտնվի չափազանց ծանր դրության մեջ, քանզի նրա էլիտան ի վիճակի չէ ընդունել ու իրականացնել ճակատագրական որոշումներ: Պատրաստվելով վճռորոշ իրադարձությունների, նախագահն ինքը պետք է հեղափոխություն սկսի: Հեղափոխություն վերեւից»:

Պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանում միայն ներքին ռեսուրսներով հեղափոխություն իրագործելն անհնարին է, եթե խոսքը «թավշյա հեղափոխության ստանդարտի մասին է, որ եղան Վրաստանում եւ Ուկրաինայում»։ «Անհրաժեշտ է նաեւ, որ արտաքին աշխարհը վերահսկողություն սահմանի Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ սահմանափակելով ուժային մեթոդներ գործի դնելու նրա հնարավորությունները», - շեշտում է ընդդիմության ներկայացուցիչը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում: - «Եթե դա չկա, թավշյա հեղափոխություն ոչ ոք չի կարող իրականացնել։ Իսկ արտաքին նման ազդեցության պայմաններում միանգամից մրցակցություն կսկսվի, թե ո՞վ է լինելու դրոշակակիրը։ Առնվազն տասնյակ գործիչներ հայտ կներկայացնեն։ Այդ դեպքում մենք էլ անելիքներ կունենանք եւ գործընթացից մեզ դուրս չենք դնի»:

Տարեվերջին ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական դաշինքի ձեւավորման մասին հայտարարությունները, ըստ «Հայկական ժամանակ» թերթի, կարող են իրականանալ այս տարվա հունվարին: Այս առումով նոր դաշինքականների հիմնական մտահոգությունն է, թե արդյո՞ք հասարակությունը կվստահի եւ կաջակցի իրենց. - «Չի՞ ստացվի այնպես, որ դաշինքի ստեղծման հայտարարությունը անտարբերության կմատնվի հասարակության կողմից, եւ դրան կվերաբերեն այնպես, ինչպես վերաբերեցին Աշոտ Մանուչարյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան եռյակի ձեւավորմանը»: «Դաշինքի ձեւավորման մասին հայտարարությունները՝ հատկապես «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից, եւ դրա նկատմամբ «Արդարություն» դաշինքի լիդեր Ստեփան Դեմիրճյանի ընդգծված բացասական վերաբերմունքը նոր իրավիճակ են ստեղծել նաեւ «Արդարություն» դաշինքում», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: Սպասվում է, որ «երբ «Հանրապետություն»-ը կմասնակցի նոր դաշինքի ձեւավորմանը, այդ ժամանակ «Արդարություն»-ը ըստ էության կդադարի գոյություն ունենալ, եւ մյուս կուսակցությունները եւս ազատություն կստանան ինքնուրույն որոշելու իրենց հետագա քաղաքականությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG