Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մոսկովյան այցի շրջանակներում երեքշաբթի օրը թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինն ու էրդողանը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում իրենց երկրների շահագրգռությունը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիներին վերաբերող հարցին, Վլադիմիր Պուտինը ասաց, որ Ռուսաստանը որպես միջնորդ ամեն բան կանի, որպեսզի «խորհրդային ժառանգություն» հանդիսացող բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ ճանապարհով:

Թուրքիայի վարչապետը, իր հերթին, պատասխանելով նույն հարցին, ասաց, թե «Թուրքիան, իհարկե, շահագրգռված է, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի»:

Ինչպես նախագահ Պուտինը, այնպես էլ Էրդողանը անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Վլադիմիր Պուտինը ասաց, թե ինքը անընդհատ «կոնսուլտացիաներ» է վարում Թուրքիայի իշխանությունների հետ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ավելի երկար խոսեց Ռեջեփ Էրդողանը՝ ասելով, թե Թուրքիայի իշխանությունները ամեն բան անում են այդ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Նրա խոսքերով, սակայն, Թուրքիայի իշխանությունները «դեռ չեն տեսնում դրական առաջխաղացում» Հայաստանի իշխանությունների կողմից:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի խնդրին, Էրդողանը տեղեկացրեց, որ վերջերս Ստամբուլի օդանավակայանը բացվել է հայկական օդանավերի համար: Ինչ վերաբերում է ցամաքային սահմանին, ապա Թուրքիայի վարչապետի խոսքերով, իրենց պատրաստ են բացել այն՝ եթե տեսնեն «դրական մոտեցում» Հայաստանի իշխանությունների կողմից: Էրդողանը չմանրամասնեց՝ ասելով սոսկ, թե այսօր իրենք «նման մոտեցում հայկական կողմից չեն տեսնում»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG