Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցածը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա»


«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ կայուն են, դրանցում որեւէ տեղաշարժեր չկան», - ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ամբողջ սպեկտրն անցյալ տարի զգալի առաջընթաց է ապրել», - ավելացրել է Օսկանյանը: - «Եթե նախկինում մեր հարաբերություններում ավելի արագ էր զարգանում քաղաքական բաղկացուցիչը եւ համագործակցությունը անվտանգության ոլորտում, ապա անցած տարի դրական տեղաշարժ արձանագրվեց նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում»:

Նախարարի խոսքերով, անցած տարին հարուստ էր իրադարձություններով. տեղի են ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումներ, տարբեր մակարդակների փոխադարձ այցեր:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում եւ Ուկրաինայում, ոչ մի կերպ չազդեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, չի էլ ազդի ապագայում», - նշել է Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Օսկանյանը ասել է, թե 2005 թվականին Հայաստանը կներկայացնի ՆԱՏՕ-ի հետ իր անհատական համագործակցության ծրագիրը:

«Ծրագիրը նոր որակ կհաղորդի հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերություններին, կարեւոր դեր կխաղա մեր անվտանգության ընդհանուր համակարգում», - ընդգծել է նա:

Նախարարը բարձր է գնահատել նաեւ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները, հատկապես՝ Հայաստանին Միացյալ Նահանգների հետ բնականոն առեւտրային հարաբերություններ ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու փաստը:

«Դրանով իսկ հնարավորություն է տրվում խորացնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ ավելի լավ օգտագործել Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ մեզ տրված հնարավորությունները», - ասել է Վարդան Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG