Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը քննադատում է Կենտրոնական բանկի քաղաքականությունը


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հետ զրույցում, անհիմն համարելով Կենտրոնական բանկի բացատրությունները հայաստանյան շուկայում դոլարի կուրսի կտրուկ անկման վերաբերյալ, քննադատեց բանկի վարած քաղաքականությունը այդ հարցում:

Նախկին վարչապետը խորհուրդ տվեց չշտապել եւ դրամի արժեքի շուրջ 15 տոկոսանոց բարձրացումը դոլարի նկատմամբ չհամարել դրամի արժեվորում:

«Դրան զուգահեռ վերջին երկու տարվա ընթացքում տեղի է ունեցել դրամի ավելի քան 22 տոկոս արժեզրկում եվրոյի նկատմամբ», - ասաց նա փաստարկելով, որ եթե դրամն իրոք արժեվորվեր, դա ինչ-որ չափով պետք է նկատվեր նաեւ եվրոյի դրամային փոխարժեքում: Իսկ եվրոյի նկատմամբ դրամի արժեքը ընկել է:

Որպես վճարման կանխիկ միջոց եվրոն ներդրվել է 2002-ի հունվարի 1-ից. սկզբնական կուրսը 495 դրամ էր, մինչդեռ անցած տարեվերջին այն հասել էր 650 դրամի:

Բագրատյանի համոզմամբ, Կենտրոնական բանկը չի կարողացել ֆիքսել, որ տնտեսությունը աստիճանաբար «եվրոյացվում է» եւ համապատասխան քայլեր չի ձեռնարկել:

«Կենտրոնական բանկը պետք է հասկանար այս պրոցեսների անխուսափելիությունը եւ խրախուսեր հաշվարկների աստիճանական եվրոյացումը՝ ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում», - պարզաբանեց նախկին վարչապետը:

«Մենք ունենք արտաքին պահուստներ Կենտրոնական բանկում 500 միլիոն դոլար», - շարունակեց Հրանտ Բագրատյանը: - «Այս 500 միլիոն դոլարը 3 տարի առաջ, երբ եվրոն նոր էր մուտք գործում... կազմում էր 700 միլիոն եվրո: Այսօր դա 370 միլիոն եվրո է: Հարց է ծագում. որեւիցե մեկը պատասխան պիտի տա՞ 330 միլիոն եվրոյի հարաբերական կորստի համար»:

Նրա խոսքերով, առաջիկայում եւս դրամը կարժեվորվի դոլարի նկատմամբ:

«Առաջիկա երկու տարիներին Հայաստանում ապրանքների դոլարային գների աճը կլինի ավելի բարձր, քան դրանց գների աճը դրամով կամ եվրոյով», - ասաց նա՝ տնտեսվարող սուբյեկտներին խորհուրդ տալով վերակառուցել իրենց ակտիվները՝ հօգուտ եվրոյի:

«Հուսով եմ, որ Կենտրոնական բանկը վերջապես կընդունի իր սխալները եւ լրջորեն կմտածի Կենտրոնական բանկի ակտիվներն ու արտաքին պահուստները եւ այլն կառուցվածքայնորեն դիվերսիֆիկացնելու եւ ավելի հուսալի տարբերակով պահելու [ուղղությամբ]», - զրույցի վերջում ասաց նախկին վարչապետը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG