Մատչելիության հղումներ

Անցած շաբաթավերջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ՝ շեշտելով, որ վերջիններիս բարեխիղճ աշխատանքից է կախված, որ սկսված տարին «կայուն եւ արգասաբեր» լինի:

«Ձեզանից ակնկալում ենք հարկային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունք», - հանդիպման ժամանակ ասել է Քոչարյանը: - «Եվ այս ամենը հնարավորություն կտա կայուն եւ արգասաբեր տարի ունենալ 2005 թվականին»:

Իսկ որ այս բնագավառների աշխատանքից որոշակի դժգոհություն կա, երեւաց գործարարների հետ անցյալ տարեվերջին նախագահի հանդիպման ընթացքում:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռեզերվները մեծ են», - տարեվերջին հայաստանյան խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել էր նախագահ Քոչարյանը: - «Մեր գործարարները ուղղակի այնպիսի ծավալներ էին թաքցնում, որ ոչ մի ողջամիտ խղճի զգացումի ծավալներում ուղղակի չի տեղավորվում: Իմացեք, այս հարցում որեւէ զիջում որեւէ մեկին չի լինելու»:

Եկամուտների մի մասը, իհարկե, գործարարին հաջողվում է թաքցնել մաքսավորից կամ հարկային տեսուչից։ Սակայն շատ դեպքերում գործարարի ստվերային եկամուտների մասին տեղյակ են թե’ մաքսավորը եւ թե’ հարկային տեսուչը։ Պարզապես նման դեպքերում իր դերն է խաղում կոռուպցիան:

Մաքսավորների հետ հանդիպման ընթացքում նախագահն ասել է, որ իր վերահսկողական ծառայությանը կոնկրետ հանձնարարականներ են տրված՝ ստուգել ներմուծման գործարքների կոնկրետ շղթաները, ու պարզել, թե ովքեր են հովանավորում կոնկրետ բեռները:

«Կարծում եմ, որ բոլորդ էլ գիտակցում եք, որ մաքսային համակարգի լիրաժեք աշխատանքն ապահովելու առումով անելիքները շատ են եւ դա ձեզանից է կախված։ Միեւնույն է, դա կատարելու ենք, իսկ ովքեր պահանջվող աշխատաոճին չդիմացան՝ առանց նրանց ենք կատարելու», - հանդիպման ժամանակ ասել է նախագահ Քոչարյանը։ - «Այլ ելք պարզապես չկա»:

Սկսված տարում նախատեսվում է 2004-ի համեմատ մոտ 53 միլիարդ դրամով ավելի հարկային եւ մաքսային եկամուտներ հավաքել: Դրանց ընդհանուր գումարը ծրագրված է 307 միլիարդ դրամի սահմաններում, ինչը կազմում է երկրի Համախառն ներքին արդյունքի կանխատեսվող մեծության շուրջ 16 տոկոսը։ Սա առանձնապես մեծ ցուցանիշ չէ, եթե նկատի առնենք, որ ԱՊՀ երկրներում հարկերի հավաքագրման միջին ցուցանիշը 22 տոկոս է։ Երկրներ կան, որտեղ հավաքվող հարկերը կազմում են Համախառն ներքին արդյունքի մինչեւ 30 տոկոսը։

2004 թվականին, ինչեւէ, կատարվել է բյուջեի թե’ հարկային եւ թե’ մաքսային եկամուտների ծրագիրը։ Հարկային պետական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայաննի փոխանցեցին, որ տարվա արդյունքներով հավաքվել են ավելի քան 140 միլիարդ դրամի հարկեր, հավաքագրված մաքսային եկամուտների չափերը դեռեւս ճշտվում են։ Նախնական արդյունքներով, դրանք մոտ 115 միլիարդ դրամ են կազմում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG