Մատչելիության հղումներ

Հայաստանյան մասնավոր բանկերի համար անցած տարին հաջող էր


Թեեւ 2004 թվականը դեռեւս չի ամփոփվել, սակայն, նախնական գնահատումներով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահի, մասնավոր բանկերը տարին եզրափակել են մոտ 20 միլիոն դոլարի մաքուր շահույթով: Բանկերի թիվն ավելացել է մեկով՝ հասնելով 21-ի, ակտիվները ավելացել են մոտ մեկ քառորդով, նույնքանով աճել են վարկային ներդրումները տնտեսության մեջ։ Ընդ որում՝ հայաստանյան մասնավոր բանկերի ակտիվների մեջ գերիշխում է օտարերկրյա կապիտալը՝ կազմելով շուրջ 60 տոկոս։

Այդուհանդերձ, մասնավոր բանկերը իրենց շահույթի եւ կապիտալի շոշափելի աճը գրանցել են ի հաշիվ դոլարի փոխարժեքի կտրուկ անկման ու իրենց փոխանակման կետերի միջոցով արվող գործարքների հաշվին: Պատահական չէ, որ մասնավոր բանկերը ողջունում են Կենտրոնական բանկի չեզոք քաղաքականությունը փոխարժեքի հարցում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, նման տեսակետ հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ, «Անելիք» բանկի վարչության նախագահ Սամվել Չզմաչյանը:

Ուշագրավ է, որ բանկերի միության ղեկավարը չի էլ թաքցնում, որ դրամի կտրուկ արժեվորումը եւ դրան զուգընթաց՝ դոլարի փոխարժեքի անկումը կամա թե ակամա նաեւ նպաստել է մասնավոր բանկերի կապիտալի աճին:

«Եթե նկատի ունենանք կապիտալի աճը, դա ավելի շատ է անդրադարձել մեզ վրա», - ասաց նա՝ պարզաբանելով. - «Քանի որ նախկինում դրամով էր արտահայտված կապիտալը, այս տարի, բացի 2 միլիոնից ավելի շահույթից, մենք ունեցել ենք մոտավորապես 600 հազարի էլ կապիտալի աճ՝ փոխարժեքի առումով»:

Չզմաչյանի փոխանցմամբ, 2004-ի 11 ամիսների արդյունքներով, միայն «Անելիք» բանկի միջոցով դրսից Հայաստան է փոխանցվել ավելի քան 250 միլիոն դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ, դարձյալ նախնական գնահատումներով, դրսից Հայաստան փոխանցվել է ավելի քան 700 միլիոն դոլար։

2004-ին մասնավոր բանկերը ընդհանուր առմամբ տնտեսության վարկավորմանն են ուղղել շուրջ 300 միլիոն դոլարի ներդրումներ. 2003-ի համեմատ դրանք աճել են շուրջ 50 տոկոսով։

Այսուհանդերձ, մասնավոր բանկերը լուրջ խնդիրներ ունեն, որոնք արդեն այս տարվա ընթացքում պետք է լուծումներ ստանան։ Խոսքն առաջին հերթին բանկերի կապիտալի խոշորացման մասին է։ Հունվարի 1-ից Հայաստանում կարող են գործունեություն ծավալել միայն այն նոր բանկերը, որոնց կապիտալը պակաս չէ 10 միլիոն դոլարից։ Ներկայումս այդ չափանիշին բավարարում են գործող բանկերի կեսից ոչ ավելին։

2005 թվականի հուլիսից վերջապես պետք է ներդրվի ավանդների երաշխավորության համակարգը։ Անցյալ տարվա փետրվարից այդ նպատակով ստեղծված հիմնադրամում արդեն զգալի միջոցներ են կուտակվել։ Կենտրոնական բանկի տվյալներով, ներկա դրությամբ մասնավոր բանկերում քաղաքացիները ունեն ավելի քան 411 հազար ակտիվ ավանդային հաշիվներ։ Անցյալ տարվա համեմատ դրանք աճել են շուրջ 35 տոկոսով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG