Մատչելիության հղումներ

Այսօրվա նիստում Հայաստանի կառավարությունը հաստատել է 2005 թվականի զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը, որը, ինչպես նիստից հետո լրագրողներին ասաց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, մշակվել է ավարտվող տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

«Հնարավորինս աջակցել միջազգային տուրիստական շուկաներում հայկական տուրիստական պրոդուկտի առաջխաղացմանը եւ գովազդմանը», - ընդունված ծրագրի նպատակները շրջանակեց Արա Պետրոսյանը: - «Հիմնական նպատակն է՝ ակտիվ եւ ագրեսիվ գովազդային արշավ միջազգային տուրիստական շուկաներում»:

Փոխնախարարի տեղեկացմամբ, ավարտվող տարվա ընթացքում, նախնական արդյունքներով, Հայաստան է այցելել մոտ 260 հազար զբոսաշրջիկ (անցյալ տարվա 206 հազարի դիմաց):

Հայաստան այցելած զբոսաշրջիկների 60 տոկոսը սփյուռքահայեր են: Սա հիմք է տալիս ենթադրելու, թե դրանց թվում են նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր վերջին տասնամյակում արտագաղթելով ձեռք են բերել այլ երկրների քաղաքացիություն եւ Հայաստան այցելելիս այլեւս զբոսաշրջիկի կարգավիճակ ունեն։

Պարոն Պետրոսյանը նաեւ այլ կարգի դիտարկումներ ներկայացրեց՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստան ժամանած զբոսաշրջիկներից քանիսն են, որ այդ ընթացքում այցելել են նաեւ տարածաշրջանի մյուս երկրներ. - «Տարածաշրջանային տուրիստները դեռեւս շատ փոքր մասնաբաժին են կազմում. այն տատանվում է շուրջ 10 տոկոսի սահմաններում»:

Հայաստանը, ըստ Պետրոսյանի, զբոսաշրջիկներին գրավում է առաջին հերթին իր պատմամշակութային արժեքների հարստությամբ, այսինքն՝ ներգնա տուրիզմի մեջ գերակշռում է «ինտելեկտուալ» բաղադրիչը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG