Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը հետ է կանչում ԼՂՀ գործադիր իշխանության մեջ իր ներկայացուցիչներին


ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն չորեքշաբթի օրը տարածել է հայտարարություն, որով պնդում է, թե վերջին շրջանում ԼՂՀ նախագահի կողմից իրականացված կադրային փոփոխությունների շարքում «առկա է նաեւ քաղաքական որոշում»:

Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պետական, տնտեսական եւ քաղաքական ակտիվի առջեւ իր ելույթում դժգոհել էր գործադիր միջին օղակի, ինչպես նաեւ կառավարության աշխատանքից՝ մատնանշելով պետական մարմիններում առկա կաշառակերության երեւույթները եւ կարեւորել կառուցվածքային ու կադրային փոփոխությունները:

«Առնվազն անհասկանալի տրամաբանությամբ,Ղուկասյանը հաջորդող օրերին իր մոտ է հրավիրել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար ՀՅԴ անդամ Արմեն Սարգսյանին եւ, գոհունակություն հայտնելով արդյունավետ գործունեության համար, միաժամանակ տեղեկացրել է զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման մասին՝ առաջարկելով աշխատանքի անցնել որպես ԼՂՀ նախագահի խորհրդական», - ասվում է հայտարարության մեջ՝ մասնավորեցվելով. - «ԼՂՀ նախագահի այս քայլը բացատրվում է 2005-ին սպասվող խորհրդարանական ընտրություններով` աննպատակահարմար նկատելով ինքնուրույն հանդես եկող կուսակցության անդամի ներկայությունը կառավարության կազմում»:

«Արմեն Սարգսյանի խորհրդական աշխատելու առաջարկը մերժվել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի կողմից», - շարունակում է հայտարարությունը՝ կապակցելով. - «Ղուկասյանին հանգիստ չի տվել տեղական ինքնակառավարման մարմինների անցած ընտրություններում Դաշնակցության եւ ժողովրդավարական այլ ուժերի ձեռք բերած համեմատական հաջողությունը: Նա լուրջ մտահոգություն է ապրում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրյակին»:

«ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն համոզված էր, որ կարող է օգտակար լինել հանրապետության իշխանությանը, երբեմն էլ իր «խորհուրդներով զերծ պահել նախագահին՝ ոչ երկար մտածված քայլերից»: Ցավով պետք է արձանագրել, որ կարեւոր այս հանգրվանում ԼՂՀ ղեկը ստանձնած անձը, «չկարողացավ ըմբռնել իր առաքելության իմաստը եւ լինել համապատասխան բարձրության վրա»:

«Նա չկարողացավ դառնալ միասնականության, համերաշխության խորհրդանիշ: Իր այդ քայլով նախագահը Արցախի առաջատար քաղաքական ուժին՝ Դաշնակցությանը, փաստորեն, մղում է ընդդիմության: Չի գիտակցվում նաեւ Արցախի ազատ, օրինական եւ ժողովրդավար ընտրությունների ներքին եւ միջազգային արժեքը», - նշում է հայտարարությունը:

Կրկին հավաստելով Դաշնակցության դիրքորոշումը ԼՂՀ ինքնորոշման միջազգային ճանաչման, Արցախի կայունության, պետականության ամրապնդման եւ տնտեսական բարգավաճման հարցերում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն որոշել է. - «Ի պատասխան ՀՅԴ-ի դեմ ԼՂՀ նախագահի իրականացրած քաղաքական քայլի, հետ կանչել գործադիր իշխանության մեջ ՀՅԴ ներկայացուցիչներին: Այս պահին նպատակահարմար չնկատելով հարաբերությունների խզումը` պահպանել ԼՂՀ նախագահին կից Անվտանգության խորհրդում ունեցած ՀՅԴ ներկայացուցչին: Կենտրոնական Կոմիտեի այս քայլը ինքնանպատակ չէ եւ Անվտանգութեան խորհրդում մեր ներկայությունը հասկանալի պատճառներով համարում ենք օրինաչափ։

«Հարաբերությունների հետագա հավելյալ անցանկալի զարգացման դեպքում պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա», - նշված է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG