Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը այցելեց Ջավախք


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեքշաբթի օրը եղավ Ջավախքում՝ Ախալքալակում արժանանալով ջավախքահայերի ջերմ ընդունելությանը:

«Շնորհավոր Նոր տարի», - Ախալքալակի հրապարակում հայկական պար պարելուց հետո հավաքվածներին հայերեն դիմեց Վրաստանի նախագահը՝ արժանանալով բուռն ծափահարությունների:

Իր ջերմ ու անմիջական խոսքում Միխեիլ Սահակաշվիլին ասաց. - «Ես միշտ ուզում է գալ այստեղ: Շատ ուրախ եմ տեսնել ձեր ժպտացող դեմքերը: Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ մեր բնակչության, մեր միասնական Վրաստանի ամենաաշխատասեր, ամենախելոք ամենաշնորհալի քաղաքացիներին»:

«Դուք կզգաք, որ պետությունը ձեր մասին չի մոռացել», - շարունակեց Սահակաշվիլին: - «Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ընտանիք զգա, որ ինքը պետության մասն է: Մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր մարդ պետության մաս կազմի՝ միաժամանակ պահպանելով իր մշակույթը, լեզուն, ավանդույթները: Ինչ լավ պար էր ձեր պարը: Ես այն հաճույքով պարեցի»:

«Ախալքալակցիները շատ ջերմ ընդունեցին նրան», - հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Վրաստան» հայալեզու թերթի խմբագիր Վան Բայբուրդյանը:

Վրաստանի նախագահը, Բայբուրդյանի փոխանցմամբ, հայտարարել է, որ 2005 թվականին կսկսվեն Ախալքալակ - Նինոծմինդա - Ծալկա - Թբիլիսի մայրուղու վերանորոգման աշխատանքները: Դա շուրջ մեկ երրորդով կկրճատի Ախալքալակ – Թբիլիսի ճանապարհը:


Ռուզաննա Ստեփանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG