Մատչելիության հղումներ

Նոր ընդդիմադիր միավորման ստեղծման շուրջ բանակցությունները ընթացքի մեջ են


Հայաստանյան ընդդիմության ամենաարմատական կուսակցության եւ մի քանի ավելի փոքր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են նոր, արեւմտյան ուղղվածություն ունեցող միավորում ստեղծելու շուրջ բանակցությունները, սակայն, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից մեկի խոսքերով, դրանք ավարտին հասցնելու համար կարող են դեռ ամիսներ պահանջվել:

«Հանրապետություն» կուսակցությունը, որի առաջնորդը նախկին վարչապետ Արամ Սարգսյանն է, շուրջ երկու ամիս բանակցություններ է վարում նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ավելի փոքր ընդդիմադիր կուսակցությունների հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, թե ձեւավորվելիք միավորման մասին որեւէ հստակ բան՝ լինի դա քաղաքական հայտարարություն կամ ինչ-որ փաստաթղթի ստորագրում, ակնկալվում է գալիք հունվարին:

«Ամբիցիաները պետք է գնան ոչ թե երկրորդ, այլ երրորդ պլան: Խնդիրը շատ ավելի կարեւոր է, քան սեփական ամբիցիաները կամ «լիդերացավը»: Ես կարծում եմ, ժամանակի ընթացքում կձեւավորվեն ե’ւ լիդեր, ե’ւ նոր մոտեցումներ», - ասել էր Ազատական առաջադիմական կուսակցության առաջնորդը: - «Երկրում անհրաժեշտ է նոր բեւեռ, որի շուրջը կկարողանա համախմբվել մեր հասարակությունը»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Սուրեն Սուրենյանցը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե այդ ժամկետները իրատեսական չեն: Սուրենյանցը ասաց, որ շփումները «Հանրապետություն» կուսակցության, Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կաուսակցության եւ Ազատական առաջադիմական կուսակցության միջեւ կան:

«Բայց մեր կուսակցությունը տեմպերի հարցում մի քիչ զգուշավոր է», - ասաց նա: - «Չենք արագացնելու կամ դանդաղեցնելու նոր ձեւաչափի ստեղծման պրոցեսը»:

«Ես չեմ կարծում, որ հնարավոր լինի տեխնիկապես հունվար ամսին հայտարարել [նոր միավորման ստեղծման մասին]», - շարունակեց նա: - «Եթե բլոկ ձեւավորելու պրոցեսը եզրափակիչ փուլում լիներ, անպայման մեր Քաղաքական խորհրդի համապատասխան որոշմամբ դա արձանագրված կլիներ»:

Երեք կուսակցությունները հրաժարվում են ճանաչել Քոչարյանի լեգիտիմությունը, եւ, կարծես թե, ոգեւորված են ուկրաինական «նարնջագույն հեղափոխությամբ»: Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը թերեւս ամենաարեւմտամետն է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու իր բացահայտ կոչով:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG