Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի տարեվերջի վերլուծականում առանձնացված է, որ 2004 թվականը Ռուսաստանի համար «ակնհայտորեն նահանջ տարի էր», եւ այն ավարտվեց նրա համար «աշխարհաքաղաքական նահանջով բոլոր այն վայրերում, ուր մրցակցություն էր ծավալվել ամերիկացիների հետ»: «Տարեվերջին Մոսկվան, ըստ էության, պարտություն կրեց ե’ւ Ուկրաինայում, ե’ւ Հայաստանում», - նշում է մեկնաբանը: - «Կրկին հաստատվեց, որ Մոսկվայի՝ ԱՊՀ տարածքում ընդամենը վարչական ռեսուրսի վրա հենվող եւ ժողովրդականության չվայելող ռեժիմներին աջակցելու քաղաքականությունը մատնվել է ֆիասկոյի եւ հեռանկարային չէ այլեւս»: Մեկնաբանի ընդգծմամբ՝ Հայաստանում «քաղաքական ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշումը պայմանավորված է ոչ թե պետական ինչ-ինչ գերակայություններով, այլ տվյալ քաղաքական ուժի կամ անհատի անձնական ու հատվածական շահերով եւ հետագա քաղաքական ու տնտեսական հեռանկարներով». - «Եվ այդ առումով պատահական չէ, որ, օրինակ, ընդդիմադիր «Ազգային միաբանություն»-ը նույնպես կողմ քվեարկեց Իրաք զորախումբ ուղարկելուն: Դեմ քվեարկողի դերում մնաց միայն «Արդարություն» դաշինքը, եւ իշխանական որոշ շրջանակներ այժմ հույսեր են փայփայում, թե «Արդարության» այդ քվեարկությունը կառաջացնի ամերիկացիների դժգոհությունը, հետեւաբար հօդս կցնդեցնի ընդդիմության՝ «նարնջագույն» ալիքը Հայաստան հասցնելու հույսերը»:

«Հայոց աշխարհ» թերթի գնահատականով՝ 2004 թվականը Հայաստանի համար դարձավ 2003-ին ավարտված նախագահական ու խորհրդարանական ընտրապայքարներից հետո մնացած «փոխադարձ թշնամանքի ու օտարման բացասական ֆոնի դանդաղ, բայց հետեւողականորեն մաշվելու ժամանակահատված»: «2004-ի փետրվարի 2-ին «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» կողմից խորհրդարանը լքելուց մինչեւ 2004-ի ապրիլի 12-13-ի գիշերվա հայտնի իրադարձությունները, ամեն ինչ ընթանում էր անիմաստ ու ծիծաղելի՝ ռեւանշիստական տրամադրությունների վերաթարմացման շրջագծում», - գրում է մեկնաբանը: - «2004 թվականի աշունը ցույց տվեց, որ եթե արմատականները հարկադրաբար են հետ կանգնում սեփական ռեւանշիստական մտադրություններից, ապա կոալիցիային մաս կազմող ուժերը եթե ոչ հարկադրանքով, ապա գոնե խիստ պասիվությամբ են վերաբերվում կոալիցիոն քաղաքականություն վարելու իրենց իսկ ստորագրած պարտավորությանը: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրը բաց չի թողնում իր ներկուսակցական խնդիրների շուրջ քաղաքական շոու սարքելու որեւէ առիթ»: «Այսպիսով, անցած տարվա ընթացքում արմատական ընդդիմությունը սպառում էր իր կուտակած բացասական իներցիան, իսկ կոալիցիային մաս կազմող ուժերը՝ իրենց եռանդի նշանակալի մասը մխսում էին «ներսում» հարցեր պարզելու գործի վրա», - ի մի է բերված «Հայոց աշխարհ»-ում: - «Հայաստանի շուրջ ընթացող արտաքին քաղաքական տեղաշարժերի պատճառով էլ 2004-ի աշնանից մեր քաղաքական դաշտում սկսել էր արձանագրվել մի նոր երեւույթ՝ սեփական «արեւմտամետությունը» ցուցադրելու բուռն ձգտումը: Սակայն իշխանությունների ձեռնարկած վերջին քայլը՝ Իրաք հայկական փոքրիկ սպասարկող անձնակազմ ուղարկելու տեսքով եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե արեւմտյան արժեքների կրողները հենց իրենք՝ Հայաստանի իշխանություններն են, հերթական անգամ տապալեցին արմատականների նախաձեռնությունները»:

«Ազգ» թերթի մեկնաբանի հայացքով՝ Իրաքում հայկական խմբի ներկայությունը «անուղղակիորեն կամրապնդի նաեւ նախագահ Քոչարյանի դիրքերը եւ Վաշինգտոնում կարող են հանգիստ խղճով արխիվ ուղարկել գործող իշխանությունների լեգիտիմության խնդիրը». - «Խորհրդարանական քվեարկությունն անակնկալ չէր այն առումով, որ այնտեղ ներկայացված կուսակցությունների մեծ մասն այս կամ այն կերպ գտնվում է կամ նախագահ Քոչարյանի, կամ Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո»: «Իսկ «Արդարություն» դաշինքը, որը վայելում էր ԱՄՆ-ի աջակցությունը եւ դեռեւս գարնանը փողոցային ցույցերով փոքր-ինչ անհանգստացրեց Քոչարյանին, դեմ քվեարկեց, ինչով եւ հավանաբար զրկվեց Վաշինգտոնի կողմից հետագայում ուշադրության արժանանալու հեռանկարից», - ենթադրվում է «Ազգ»-ում:

«Բելլա Քոչարյանը թերթում է իր նոթատետրը: Գրառումներ կան Հայաստանի մշակութային, առողջապահական ու կրթական օջախներ կատարած այցերի, բազում ընդունելությունների մասին», - փոխանցում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը: - «Հայացքն արագ սահեցնում է տողերի վրայով: Երբեմն լուռ ժպտում է, երբեմն հոնքերը խոժոռում: Միայն որոշ դրվագներ է բարձրաձայնում... Անցած 6 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանի ո՞ր որակներն են ավելի ընդգծվել: Ինչպես միշտ, երբ խոսքն ամուսնուն է վերաբերում, պատասխանները զգուշավոր են: Հանկարծ ու ճիշտ չհասկացվի»: «Գուցե ավելի կայուն ու վստահ է գործում: Իմ կարծիքով, նրան ամենից բնորոշ գիծը իր խոսքի տերը լինելն է», - ասում է Ռոբերտ Քոչարյանի կինը: - «Կոնկրետ իրատեսական նպատակներ է դնում ու անպատճառ կատարում: Միշտ էլ այդպիսին է եղել թե’ գործի մեջ, թե’ ընտանիքում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG