Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է»


«Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը կլինի մեր քաղաքականության հիմնաքարը», - երկուշաբթի օրը Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղարաբաղի նորանշանակ արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, նախարարը ասել է, թե միջազգային ճանաչումը կդառնա արտգործնախարարության քաղաքական քայլերի անկյունաքարը, որով կառաջնորդվի Լեռնային Ղարաբաղը երկկողմ կապերում եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Մեկնաբանելով կարգավորման գործընթացից Հայաստանի ինքնակամ հեռու մնալու դեպքում Ղարաբաղի հետ ուղիղ երկխոսություն սկսելու՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին հայտարարությանը, Արման Մելիքյանը երեկ հայտարարել է, թե դեմ է բանակցություններ սկսելու համար նախապայմաններ դնելուն:

«Եթե Բաքուն ցանկանում է սկսել բանակցությունները, պետք է դիմի Լեռնային Ղարաբաղին եւ դրանք վարի Ղարաբաղի հետ», - ասել է նախարարը:

Արման Մելիքյանը հերքել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության՝ Երեւան տեղափոխվելու մասին մամուլում հրապարակված լուրը:

«Ես չեմ խոսում արգործնախարարության տեղափոխման մասին: Հարցն այն է, որ հիմնական քաղաքական խնդիրները լուծելու մեր ջանքերը պահանջում են, նախկինի համեմատ արտգործնախարարի ավելի հաճախակի այցերը Երեւան», - նշել է Մելիքյանը՝ ավելացնելով, թե Լեռնային Ղարաբաղը կարիք ունի միջազգային կազմակերպությունների, Երեւանում հավատարմագրված դեսպանատների, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարության հետ առկա կապերի ամրապնդման եւ խորացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG