Մատչելիության հղումներ

Հարկային ծառայության ղեկավարները վստահ են, որ հարկահավաքի պլանը կկատարվի


Հարկային ծառայության ղեկավարները երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հավաստիացրին, թե բյուջեով ծրագրված հարկային մուտքերի պլանը ավարտվող տարում կկատարվի: Թեեւ տարին դեռ չի ավարտվել, Հարկային պետական ծառայության պետի երկու տեղակալները՝ Արմեն Ալավերդյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, թե 138 միլիարդ դրամի փոխարեն մինչեւ տարեվերջ կհավաքվի մոտ 142 միլիարդ դրամ:

Ծառայության ղեկավարները հայտարարեցին, թե ավարտվող տարում առաջին անգամ կգերակատարվի շահութահարկի եւ եկամտահարկի գծով մուտքերի առաջադանքը:

Ասուլիսում Ալավերդյանը եւ Քոչարյանը նաեւ հայտարարեցին, թե 2004 թվականի ընթացքում ստվերային տնտեսության մասշտաբները Հայաստանում կրճատվել են: Գերատեսչության ղեկավարները, այդուհանդերձ, դժվարացան կոնկրետ թվեր նշել:

Ասուլիսի հիմնական թեման սոցիալական ապահովագրության վճարների գանձման նոր կարգն էր: Հունվարի 1-ից այդ գործառույթը այլեւս իրականացնելու է վարչական անհամեմատ ավելի մեծ կարողություններ ունեցող հարկային ծառայությունը։

Բնականաբար, հաջորդ տարվա ընթացքում սոցիալական հարկի գանձման ավելի մեծ ծավալներ են նախատեսվում, քան այժմ հավաքագրածն է: Եթե անցնող տարվա ընթացքում Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջե, ըստ հաշվարկների, կմուտքագրվի մոտ 48 միլիարդ դրամ, ապա եկող տարի ծրագրվում է հավաքել արդեն 65 միլիարդ դրամ։ Թերեւս այս հանգամանքի հետ են կապվում եկող տարի կենսաթոշակների որոշակի աճի ակնկալիքները։

Երկրում այժմ շուրջ 60 հազար սոցիալական հարկ վճարողներ կամ «ապահովադիրներ» կան, որոնց մի ստվար հատվածը, ըստ հարկային գերատեսչության ղեկավարների, տարիներ շարունակ օրենքով պահանջվածի չնչին մասն է վճարել հիմնադրամի բյուջե: Նաեւ դրանով է պայմանավորված, որ երկրում չափազանց ցածր են կենսաթոշակները։

Հոգուտ կենսաթոշակառուների փոփոխություններն այս ոլորտում, ինչպես վստահեցրին այսօր Ալավերդյանն ու Քոչարյանը, անխուսափելի են: Ըստ հարկային պետական ծառայության գնահատականների, սոցիալական ապահովագրության վճարների փոխանցման մեջ զլանում են հատկապես առեւտրի եւ ծառայությունների ոլորտի գործատուները։ Նրանք կա'մ կեղծում են իրենց աշխատողների քանակը, կա'մ էլ իրականից ավելի նվազ են ցույց տալիս վճարած աշխատավարձերը, որպեսզի խուսափեն եկամտահարկ եւ սոցիալական վճարներ մուծելուց։

Հարկային ծառայության դիտարկումներով, 60 հազար տնտեսավարողներից առնվազն 30 հազարը պաշտոնապես ցույց են տալիս, թե իրենց աշխատողներին վճարում են 13-20 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ, ըստ Ալավերդյանի, փաստացի վճարվող աշխատավարձերը տատանվում են 40-80 հազար դրամի սահմաններում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG