Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 25-ը դեկտեմբերի)

«Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանի ամփոփմամբ՝ 2004 թվականը Հայաստանի կյանքում «որեւէ իմաստով բեկում չմտցրեց եւ ըստ էության դարձավ շարունակությունը այն տարտամ ընթացքի, որը Հայաստանը սկսել է դեռեւս նախորդ դարում»: «2004-ի ամենաբնորոշ եւ ամենակարեւոր իրադարձությունը ապրիլի լույս 13-ի գիշերվա դեպքերն էին, երբ պայթուցիկներով, մահակներով, էլեկտրաշոկերով եւ ջրցան մեքենաներով զինված ոստիկանությունը կեսգիշերից անց ինքնադատաստանի ենթարկեց Բաղրամյան պողոտայում գտնվող խաղաղ ցուցարարներին», - գնահատում է մեկնաբանը: - «Ապրիլի լույս 13-ի գիշերը ցույց տվեց ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության քաղաքական սնանկությունը: Ընդդիմությունը մինչեւ օրս էլ չի հաղթահարել ապրիլի լույս 13-ի գիշերվա շոկը, իշխանությունը նոր-նոր է սկսել զգալ դրա հետեւանքները, իսկ հանրությունը շարունակում է թեւաթափված մնալ»: 2004-ի ընթացքում ավելի ակնհայտ դարձան նաեւ քաղաքական սպասվող տեղաշարժերը: Այս առումով «Հայկական ժամանակ»-ում առանձնացված է . - «Հիմա արդեն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը Հայաստանում իշխանության վերադառնալու հսկայական հնարավորություններ ունի, եւ Հայաստանն էլ իր հերթին Տեր-Պետրոսյանին՝ բոլորովին այլ Տեր-Պետրոսյանի ետ ստանալու հնարավորություն: Սակայն թե՛ առաջինը, թե՛ երկրորդը չեն շտապում այդ հնարավորությունը օգտագործել` չափից ավելի մեծ է այդ հնարավորության գինը, եւ չափից ավելի ծանր կլինեն այդ հնարավորության կորստի հետեւանքները»:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի հայացքով, 2004-ի ամենակարեւոր իրադարձությունները երեքն են. ապրիլի 13-ի իրադարձությունները, Հրանտ Մաթեւոսյանի հրապարակախոսական գրքի հրապարակումը եւ «27»-ի գործը փակելը։ «Առավոտ» թերթում Արամ Սարգսյանը մեկնաբանում է. - «Ապրիլի 13-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունները, միանշանակ, դեմ են ժողովրդին։ Հրանտ Մաթեւոսյանի գիրքն ապացուցեց, որ մեր երկրում ամեն ինչի պատասխաններն էլ կան, հարցերն են պարզապես, որ ձեւակերպումներ չունեն։ Իսկ «27»-ի գործը փակելը մեկ անգամ եւս հիմնավորեց, թե ով, ինչու եւ ինչի համար է մեղավոր»։ «Հիմա էլ Ղարաբաղը։ Էս էլ երկրորդ դեպքն է, որ Ֆորպոստի պահակապետը խոստանում է խոսել ու բացատրել ամեն ինչը եւ չի խոսում։ «27»-ն էր առաջինը... Ինչի՞ չի խոսում։ Ասելիք չունի։ Ձեւը չի գտնում` ինչպես արդարացնի տալը։ Այլապես», - հարցնում է Արամ Սարգսյանը, - «ինչ է նշանակում ազատագրված տարածքները հանձնել, մի 10-15 տարի հետո էլ հանրաքվե անել 88-ի ժողովրդագրական համամասնություններով»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի ընդգծմամբ՝ հենց Ղարաբաղի խնդրով «Հայաստանում արդեն իսկ 2005 թվականին տեղի կունենա իշխանափոխություն եւ այդ պարագայում մնացած հարցերը կլուծվեն ըստ ուժերի իրական հարաբերակցության եւ ժողովրդի կամքի»։

«Եկող՝ Աքլորի տարին աստղագիտորեն որոշակի հեղափոխականություն ու անկանխատեսելիություն է ենթադրում», - նշում է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Այդ իսկ պատճառով էլ 2005-ին ամենուրեք կարող է գրանցվել ուժի ցուցադրման հակում: Հայաստանում եւ մյուս պրոբլեմային երկրներում քաղաքական ասպարեզ կելնեն նոր մարդիկ՝ մեծ, բայց ոչ միշտ կառուցողական էներգիայով»: «Գոլոս Արմենիի»-ում կարեւորված է, որ 2005 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց, «որպես կանոն, մեծ ուշադրություն չի դարձվում, բայց արդյունքները շատ էական ազդեցություն են ունենում դրանց հետեւող խորհրդարանական ընտրությունների վրա»:

«Թող գալիս տարին հայրենիք վերաձարդի տարի լինի», - առաջնահերթ մաղթում է այսօր «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Փող գոնե դառնա այդ մեծագույն գործընթացի սկիզբը... Քանզի վերադարձի սկիզբը կնշանակի Հայրենիքի վերածննդի սկիզբ»:

«Իշխանավորների ու նորահայտ փողատերերի հանդեպ համընդհանուր ատելությունը տեւեց այնքան հիմնավորապես երկար, որ վերաճեց ընդհանուրի ատելությանը ընդհանրապես: Այսպես միմյանց ատելով էլ ապրում ենք», - ուրվագծում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Գնալու մասին խոսակցությունները շարունակվում են: Եվ եթե առաջ դրանք «երթալու» մասին էին՝ փոքր-ինչ տարաշխարհիկ եւ անեկդոտային, ապա հիմա շատ առօրեական «գնալու» մասին են, շատ այսաշխարհիկ եւ անուրախ»: «Իսկ ամենազզվեցրած կաղապարը այն է, թե երկրից գնում են լավագույն մարդիկ եւ լավագույն մասնագետները, ակտիվ ու կարող երիտասարդները, տաղանդավորներն ու հմուտները, ուղեղներն ու ձեռքերը եւ չգիտես որ այլ անդամները: Այդպես չէ, իհարկե, եւ վաղուց ժամանակն է ասել, որ բնավ այդպես չէ», - բանավիճում է «Հայոց աշխարհ»-ը՝ նաեւ շեշտադրելով. - «Այո, շատերը հայրենիքից հեռանում են հույսերն ու ճարները հատած: Բայց պետք չէ այդ ճարահատյալ գնացողներին քաջալերել, իսկ մնացողներին կսկծացնել լավագույնների մասին ցնդաբանությամբ: Ո՞ւմ է ձեռնտու արտագաղթի այդ գովազդը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG