Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անկախ շատախոսություններից՝ ընդհանուր առմամբ աներեր ընթացք է նախանշում «Առավոտ» թերթի մեկնաբանը. - «Այսօր խորհրդարանում քննարկումները բուռն կլինեն, սակայն որեւէ արտառոց իրավիճակ չի լինի, քանի որ խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը, ակնհայտորեն, կողմ է քվեարկելու ե'ւ 2005-ի բյուջեին, ե'ւ Իրաք զորախումբ ուղարկելու հարցին, նաեւ՝ Կանոնակարգի փոփոխություններին»: «Հայկական ժամանակ» թերթի արձանագրմամբ էլ՝ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու «կոալիցիոն ըմբռնման աննախադեպ դրսեւորում». - «ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիր»-ը, ըմբռնելով, թե որտեղից են գալիս այդ կուսակցության փողերը, ըմբռնումով են մոտենալու ՀՅԴ-ի՝ Իրաք հայկական զորախումբ ուղարկելուն դեմ քվեարկելու որոշմանը, քանզի այս դեպքում ՀՅԴ-ի 11 ձայնը որոշիչ լինել չի կարող, իսկ մի ողջ կուսակցություն՝ սնանկացումից փրկվել կարող է»: Թերթի ձեւակերպմամբ՝ Դաշնակցությունը պատեպատ էր խփվում պետական եւ կուսակցական շահերի միջեւ, եւ ի վերջո այնտեղ հաղթել է կուսակցական շահը:

Պատգամավոր Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում անդրադառնալով ընդդիմադիր դաշտի գործընթացներին, ուրվագծում է. - «Հեղափոխությունը Հայաստանում չի բացառվում, բայց այս պահին քիչ հավանական է, անկախ նրանից, որ դրա համար հիմքեր կան... Այս նախապատրաստական փուլը առայժմ արտահայտվում է միայն առանձին գործիչների հեղափոխության դրոշակակիրը դառնալու պատրաստակամության արտահայտությամբ»։ «Քանի դեռ չկա մոտակա ընտրությունների հեռանկար, ընդդիմադիր դաշտում առաջնորդի դերի համար մրցակցություն անհրաժեշտ է», - ասում է Հրանտ Խաչատրյանը։ - «Որպեսզի ընտրությունների պարագայում ընդդիմության թեւը լինի այնքան բովված, որ պարզ լինի, թե ով է ընդգծված թեկնածուն, որը կարող է լինել ընդդիմության միասնական առաջնորդը»։

«Բնականաբար, ե'ւ «Ազգային միաբանության» շրջադարձը դեպի ԱՄՆ, որը արտահայտվել է հայկական զորախմբի հարցում, ե'ւ արեւմտամետ ընդդիմադիր նոր դաշինքի ձեւավորման փորձերը միտված են նրան, որ Ուկրաինայից հետո «նարնջագույն հեղափոխության» ալիքը կհասնի Հայաստան», - ձեւակերպում է այսօր «Իրավունք»-ի մեկնաբանը, ըստ որի՝ Իրաք զորախումբ ուղարկելու որոշումը «կոնկրետ օգուտներ կարող է բերել հիմնականում երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ու նրանց շրջապատին, իսկ Հայաստանին կարող է կանգնեցնել ոչ միայն Իրաքից հայ փախստականներ ընդունելու փաստի առաջ, այլեւ երկիրը կարող է հայտնվել միջազգային ահաբեկչության մարտահրավերի առջեւ»:

«Ակնհայտորեն սրված ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր խորապատկերի վրա Ղարաբաղյան հիմնահարցի մոտալուտ կարգավորման խնդիրը ընկալվում է որպես տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ծրագիր», - շեշտադրում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը՝ այս առումով ավելացնելով. - «Ոչ մի նոր կամ հին գաղափար ի վերջո չի կարող կյանքի կոչվել, քանի դեռ հետխորհրդային տարածքում արձանագրվող ուժերի հաշվեկշռի որոշակի փոփոխությունը չի հասել իր զարգացման այն հանգրվանին, երբ կարգավորման միջազգային հստակ երաշխիքների ապահովման խնդիրը եւ դրա հետ կապված՝ ներքաղաքական հնարավոր զարգացումների վերահսկողությունը կդառնան միջնորդներից որեւէ մեկի մենաշնորհը»: «Հայոց աշխարհ»-ում այսօր նաեւ ձեւակերպված է. - «Աստիճանաբար սկսում են ջնջվել արդեն իսկ «դասական» դարձած փուլային եւ փաթեթային տարբերակների մասին ավանդական պատկերացումները: Ակնհայտ է դառնում, որ այն, ինչի շուրջ այսօր մտմտում են աշխարհի հզորները, փուլային տարբերակի կողմնակիցները կարող են համարել փուլային, իսկ փաթեթային տարբերակի կողմնակիցները՝ փաթեթային լուծումներ»:

«Երկիր» թերթի վերլուծականում դեպի գալիք տարվա զարգացումները զուգահեռվում է. - «Ինչպես էլ ընթանալու լինեն բանակցությունները, ընդդիմությունը թե’ Հայաստանում եւ թե’ Ադրբեջանում միշտ էլ առիթ կգտնի իշխանություններին մեղադրելու պարտվողական տրամադրությունների մեջ եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտարարությունների համար: Բացառված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օգտագործումը արտաքին ուժերի կողմից՝ նպատակ ունենալով ղեկավարել ներքաղաքական գործընթացները եւ այսպես կոչված՝ քաղաքական ընտրախավերը Հայաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանում տենդորեն կազմավորում են այսպես կոչված՝ արեւմտամետ կուսակցություններ,Ադրբեջանում՝ փնտրում դեպի Ռուսաստան կողմնորոշված ուժեր: Ե’վ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում գրում են ներկայումս ուժեղ ու կառուցողական քաղաքական ուժերի եւ լիդերների բացակայության մասին, որոնք կկարողանային իրական այլընտրանք լինել իշխանություններին: Բաքվի թերթերը բացորոշ գրում են Միացյալ Նահանգների՝ Ադրբեջանում նոր ընդդիմություն ձեւավորելու գործողությունների մասին: Երեւանյան թերթերը նույն բանն են ակնարկում՝ հաղորդելով ԱՄՆ-ի դեսպանի անցկացրած խորհրդակցությունների մասին Հայաստանի քաղաքական ուժերի այս կամ այն լիդերների հետ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG