Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային Ժողովը «կանաչ լույս» տվեց Իրաք հայ զինվորականներ ուղարկելուն


Ուրբաթ օրը Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի փակ նիստում քննարկելուց հետո 91 «կողմ», 23 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ տվեց իր համաձայնությունը Իրաք հայկական զորախումբ ուղարկելուն:

Խորհրդարանական բոլոր խումբ խմբակցությունները, բացի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունից եւ կոալիցիոն Դաշնակցություն խմբակցությունից, կողմ են քվեարկել «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման հարցերի կարգավորման մասին» փոխընբռնման հուշագրին Հայաստանի միանալուն: Անկախ պատգամավորներից դեմ է քվեարկել միայն Մանուկ Գասպարյանը:

Նիստը դռնփակ անցկացնելու որոշումը առավոտյան ընդունվեց խորհդրարանական մեծամասնության պահանջով: Համապատասխանաբար մերժվեց ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության առաջարկը՝ ոչ միայն հրապարակային անցկացնել նիստը, այլեւ տեսագրել եւ ցուցադրել հեռուստատեսությամբ:

Նիստի ընդմիջումներին դահլիճից դուրս եկող պատգամավորները լրագրողներին հավաստիացնում էին, թե պետական գաղտնիքներ, ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություններ չեն հնչել:

Զեկուցումներով հանդես են եկել նախագահի ներկայացուցիչ, պաշտպանության նախարար եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը, ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը: Զեկուցողներին հարցեր ուղղել են միայն «Արդարություն» խմբակցության պատգամավորները:

Իրաք զորախումբ ուղարկելու հարցը Հայաստանում ունի բազմաթիվ ընդդիմադիրներ, ովքեր մտավախություն ունեն, թե դա կարող է վնասել ոչ միայն իրաքահայ համայնքին, այլեւ հայ համայնքներին բոլոր արաբական երկրներում:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում՝ պաշտպանության նախարար Սերժ սարգսյանը եւ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG