Մատչելիության հղումներ

logo-print
ԼՂՀ նախագահին առընթեր Տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդարգրությունը տեղեկացրել է, որ ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է հրամանագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» հրամանագրում լրացում կատարելու մասին», եւ Արարատ Դանիելյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ` ազատվելով ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Հավելումն նոր արտաքին գործերի նախարարի նշանակմանը (ի դեպ Արման Մելիքյանը առայժմ համատեղելու է ԼՂՀ արտգործնախարարի եւ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչի պաշտոնները), Ղուկասյանի հրամանագրերով փոխվարչապետ նշանակված Դանիելյանին կփոխարինի Արմեն Զալինյանը, ով մինչ այդ ԼՂՀ նախագահի պետաիրավական հարցերով խորհրդականն էր:

Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը: Այդ պաշտոնում, ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, նշանակվել է արտգործնախարարի պաշտոնից ազատված Աշոտ Ղուլյանը:

Պաշտոնից ազատվել է նաեւ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Բենիկ Բախշիյանը: Գյուղատնտեսության նոր նախարարը նախկինում փոխգյուղնախարար Վահրամ Բաղդասարյանն է:

Գործադիր իշխանության մեջ փոփոխությունների մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, իսկ դեկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի պետական, քաղաքական եւ հասարակական գործիչների, մտավորականության ներկայացուցիչների հետ խորհրդակցույան ժամանակ նախագահ Ղուկասյանի քննադատական ելույթից հետո՝ արդեն սպասվում էին:

Դեկտեմբերի 16-ի իր ելույթում նշելով, որ հասարակության մեջ դեռեւս լայնորեն առկա են «մինիկլանայնությունը», անձնական հովանավորչությունը եւ կաշառակերությունը, Արկադի Ղուկասյանը հայտարարել էր. - «Այն ղեկավարները, ովքեր այսուհետ իրապես չեն ապրի ժողովրդի հոգսերով, տեղ չեն ունենա իշխանական համակարգում»:

Պաշտոնանկված նախարարներից ամենաերկարը՝ 8 տարի, պաշտոնավարել էր կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, Դաշնակցության անդամ Արմեն Սարգսյանը:

«Գտնում եմ, որ նախագահը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, եւ ցավալի է, որ առաջին իսկ հարվածը հասցրեց դաշնակցական նախարարին», - մեկնաբանելով նշանակումները «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը: - «Եթե այդ փոփոխությունները, ըստ իս, չկատարվեն այն ոլորտներում, որոնք ինքը անմիջապես նշել է, ապա սա ընդամենը պարադոքս կլինի եւ մեկ անգամ եւս ցույց կտա, որ անջրպետ կա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ»:

«Մենք լուրջ փոփոծություններ ենք սպասում դատաիրավական համակարգում», - շարունակեց Գաբրիելյանը: Նրա կարծիքով, եթե այդտեղ էլ կատարվեն կադրային փոփոխություններ, կարելի կլինի հուսալ, որ «դեռ կարող է առաջընթաց լինել»:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG