Մատչելիության հղումներ

Ուրբաթ օրը ավարտվող տարին ամփոփող ասուլիսում Հայաստանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:

«2004 թվականին ինչ որ նախատեսված է եղել... արել ենք ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի», - հայտարարեց նախարարը: - «Չկա այնպիսի բան, որ արած չլինենք նախանշված բյուջետային ծրագրից»:

Հովեյանի ներկայացմամբ, տարվա ընթացքում նախարարության հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ բազմաթիվ հոբելյանական հանդիսությունները, փառատոներ, մրցույթներ եւ հյուրախաղեր (ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում) են կազմակերպվել:

Պետպատվերի շրջանակներում հրատարակվել է 165 անուն գիրք, իսկ հաջորդ տարի, նախարարի փոխանցմամբ, պետպատվերի ֆինանսավորումը կրկնակի կավելանա:

Մշակութային համագործակցության պայմանագրեր են կնքվել Իրանի, Ճապոնիայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ: Ազգային ժողով են ներկայացվել եւ վերջինիս կողմից ընդունվել են մշակութային բնագավառին վերաբերող 2 օրենքներ:

Նախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին տասնամյակում առաջին անգամ հայ հեղինակներից գնվել են պիեսներ եւ երաժշտական ստեղծագործություններ՝ հավաստիացնելով, որ գործընթացը շարունակվելու եւ հաջորդ տարի:

Վերանորոգվել է երեք պատմամշակութային հուշարձան, իսկ հաջորդ տարվա բյուջեում հուշարձանների վերականգնմանը նախատեսված է 1 միլիոն դոլարի հատկացում:

«Դա անսպասելի գումար էր մեզ համար», - նշեց նախարարը:

Շուրջ 60 մարզային գրադարաններ, ցուցասրահներ եւ թանգարաններ կվերանորոգվեն 2005 թվականին: Այդպիսի խոստում է տվել քաղաքաշինության նախարարությունը:

«Եթե խոստումը պահեն, մենք երջանիկ կլինենք», - ասաց Հովեյանը:

Նախարարը անդրադարձավ նաեւ իր պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց կադրային նշանակումներին: Նա կրկին հնչեցրեց իր կարծիքը, թե մշակույթի օջախներում պետք է տարանջատվեն ստեղծագործական եւ վարչական աշխատանքները:

«Կրկեսային դերասանը պետք է զբաղվի կրկեսի դերասանությամբ, ռեժիսորը՝ ռեժիսուրայով», - ասաց նա ՝ հավելելով. - «Պարտադրանքով ոչինչ չեմ անելու ես... Եթե որեւէ մեկը փորձի ինձ որեւէ մեկի պարտադրել՝ չեմ անելու, 2005 թվին էլ չեմ անելու»:

Այսքանը, թերեւս, բուն մշակութային գործունեության մասին: Իսկ «դեռ մի բան էլ ավելին», հավանաբար, վերջերս Միացյալ Արաբական էմիրություններից Շարժայի էմիրը նվերն է Հայաստանի մշակույթի նախարարին՝ արաբական ազնվացեղ զամբիկ եւ հովատակ:

Մշակույթի նախարարը հույս հայտնեց, որ այդ նվերը կարող է նպաստել Հայաստանում ձիաբուծության զարգացմանը:

«Այդ նժույգները ես նվիրում եմ Հայաստանի պետությանը, մեր պրեզիդենտին», - ասաց նախարարը՝ հավելելով, սակայն. - «Պրիզեդենտը, իհարկե, երեկ ասաց, որ չի կարող այդպիսի թանկարժեք նվեր ընդունել, որովհետեւ այդ նժույգները գին չունեն»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG