Մատչելիության հղումներ

«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին Պրահայում ընդամենը մեկ քայլ էր մնացել համաձայնությունների ստորագրմանը», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ընդ որում, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ռուսաստանցի դիվանագետը ընդգծել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է վերլուծեին այդ հանդիպման ժամանակ արտգործնախարարներ Օսկանյանի եւ Մամեդյարովի՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերած համաձայնությունները Աստանայի հանդիպումից հետո եւ կայացնեին դրանք ընդունելու կամ չընդունելու որոշում:

Հատուկ նշելով, որ «Ղարաբաղյան հիմնահարցը ՄԱԿ-ի քննարկան առարկա դարձնելու Ադրբեջանի ցանկությունը խառնեց բոլոր խաղաքարտերը»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը «հաջող քայլ է» որակել հարցի քննարկումը ՄԱԿ-ում թույլ չտալը: Մերզլյակովը համարում է, որ ադրբեջանական այդ նախաձեռնությունը մի քանի ամսով արգելակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:

Այդուհանդերձ, ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել, որ 2005 թվականին Պրահայում ծրագրված հանդիպումը «հաջող արդյունքի կհանգեցնի»:

«Ես հավատում եմ, որ 2005 թվականը բեկումնային է լինելու Ղարաբաղյան հիմնահարցի լուծման առումով, եւ մենք կհասնենք հաջող արդյունքի», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG