Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Իրաք զորախումբ ուղարկելու մասին հարցը օրակարգում ընդգրկելուն


Հինգշաբթի օրը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փակ նիստում վեց «կողմ» եւ հինգ «դեմ» ձայնով դրական եզրակացություն է տվել Իրաք հայ զինվորականներ ուղարկելու մասին հարցը ուրբաթ օրը բացվող արտահերթ նստաշրջանի օրակարգ ընդգրկելուն:

Հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը դեմ է քվեարկել: Որոշվել է, որ հանձնաժողովի տեսակետը նիստերի դահլիճում կներկայացնի ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, խորհրդարանում ամենամեծ՝ 40 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցությունը վաղն առավոտյան կքննարկի եւ կորոշի, թե ինչ պահվածք է որդեգրելու Իրաք հայկական զորախումբ ուղարկելու հարցի քննարկմանն ու քվեարկությանը:

Մեծությամբ երկրորդ՝ 21պատգամավոր ունեցող «Օրինաց երկիր»-ը, ինչպես դեռ երեկ փոխանցել էր կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, հարցին կողմ է, քանի որ զորախումբը «մարդասիրական նպատակներով է ուղարկվելու»:

16 պատգամավոր ներառող «Ժողպատգամավոր» խումբը նույնպես որոշել է կողմ քվեարկել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Գարնանային նստաշրջանից ի վեր քաղաքական բոյկոտի մեջ գտնվող «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը, որը 14 պատգամավոր ունի, այսօր վերջնականապես որոշեց անպայման մասնակցել այս հարցի քննարկմանը եւ դեմ արտահայտվել:

Ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցությունը, դրա անդամ Գագիկ Կոստանդյանի փոխանցմամբ, այս հարցի կապակցությամբ նույնպես ընդհատելու է քաղաքական բոյկոտը, իսկ իրենց հատուկ կարծիքն ընդունվելու դեպքում՝ կողմ է քվեարկելու: Հուշագիրը հաստատելուն, խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի փոխանցմամբ, կողմ է 6 ձայն ունեցող ՄԱԿ խմբակցությունը:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը փոխանցեց, որ առաջարկելու են հարցը քննարկել հատուկ կարգով՝ հարցերի եւ ելույթների տեւողությունը չսահմանափակել, նիստը հեռարձակել հեռուստատեսությամբ, եւ պայմանով, որ քննարկումներին մասնակցի Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ով «երաշխիքներ կտա, որ կոնտինգենտ ուղարկվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունում տեռորիստական գործողություններ տեղի չեն ունենա», եւ «Իրաքի հայկական համայնքի անվտանգությունը կլինի պահպանված»:

Հուշագրին Հայաստանի միանալուն դեմ է նաեւ 11 անդամ ունեցող Դաշնակցություն խմբակցությունը: Դաշնակցության բյուրոյի եւ Գերագույն մարմնի հանձնարարականն է, որ կուսակցության խմբակցությունը դեմ քվեարկի այս հարցին: Դաշնակցությունը, հիշեցնենք, կառույցներ ունի ոչ միայն Իրաքում, այլեւ արաբական այլ երկրներում:

Հարցին, թե անհանգստությունն ավելի շատ հայկական համայնքների՞, թե՞ Հայաստանի անվտանգության համար է, խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը պատասխանեց. - «Իհարկե, առաջին հերթին մենք նկատի ունենք մեր համայնքների անվտանգության խնդիրը, եւ, երկրորդ հերթին՝ դեպքերի այնպիսի զարգացումները, որոնք կվերաբերեն նաեւ Հայաստանին»:

«Մենք հասկանում ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկելու», - շարունակեց Կարապետյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG