Մատչելիության հղումներ

logo-print

Հարկային նորամուծություններից դժգոհ են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները


2005 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հավաքել ավելի քան 307 միլիարդ դրամի հարկեր: Ազգային ժողովն արդեն հաստատել է հարկային օրենքներում փոփոխություններ նախատեսող մեկ տասնյակի հասնող օրինագծերը, որոնց վրա էլ խարսխված է գալիք տարվա պետական բյուջեի կատարումը։ Դրանք, սակայն, չեն գոհացնում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

Հիմնական հակատեսակների գծով, հատկապես՝ խոշոր բիզնեսի մասով, առանձնակի փոփոխություններ չեն լինի։ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, հարկադրույքները գրեթե նույնն են մնալու:

«Արդեն երրորդ ֆինանսական տարին է, որ մենք շարունակելու ենք հարկային եկամուտները ապահովել երկու հիմնական գործոնների հաշվին՝ տնտեսական աճի եւ հարկային վարչարարության կատարելագործման», - ասել է Արմեն Ավետիսյանը:

Խոշոր բիզնեսի մասով, այդուհանդերձ, նախատեսվում է վարչարարության հետագա խստացում եւ ստուգումների ռեժիմի հստակեցում։

Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին, ու հատկապես նրանց, որոնք հարկերը վճարում են «Պարզեցված հարկի մասին» օրենքին համապատասխան, այստեղ փոփոխությունները էական են։

Հարկային քաղաքականությունը մշակող պաշտոնյաները վստահեցնում են, թե այդ փոփոխություններով ավելի են պարզեցվում հարկահավաքի պայմանները: Ստվերում աշխատող եւ հարկ չմուծող մանր գործարարները հարկման նոր կանոնների կիրառման դեպքում ստիպված են լինելու լեգալացնել իրենց թաքցվող եկամուտները, ինչից կշահի ոչ միայն պետական բյուջեն, այլեւ բարեխիղճ հարկատուն։

Փոքր ու միջին բիզնեսի, մասնավորապես, առեւտրի բնագավառը ներկայացնող մարդիկ, սակայն, հակառակ կարծիքի են։ Պարզեցված հարկում կառավարությունն առաջարկել է փոփոխություն, որով միասնականացվում է հարկի դրույքաչափը. խանութների, տաղավարների եւ առեւտրական գործունեության մասով հարկը սահմանվում են իրացման շրջանառության 3,5, իսկ գործունեության այլ տեսակների համար՝ 6 տոկոսի չափով։

Ներկայումս գործող կարգի համաձայն, եթե գործարարը կարող է հսկիչ դրամարկղային կտրոններով կամ այլ փաստաթղթերով հիմնավորել իր ծախսերը, ապա կարող է դրանք հանել ընդհանուր եկամտից եւ ավելի ցածր՝ իրացման շրջանառության 2-3 տոկոսի չափով հարկ վճարել։

«Այսպիսի փոփոխությունը մեծացնում է ստվերի դաշտը», - այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: - «Դա նաեւ մեծացնում է վարչարարության հնարավորությունը»:

«Երկրի հարկատուն պետք է ունենա այնպիսի օրենք, որը նրա համար ընդունելի եւիրատեսական լինի», - եզրափակեց նա:

Տիկին Գեւորգյանի կարծիքով, հարկային այդ փոփոխությունն այլեւս գործարարից չի պահանջում հսկիչ-դրամարկղային կտրոններով հիմնավորել, թե ապրանքը որտեղից է գնված։

«Այդ դեպքում, ինչի՞ համար է ՀԴՄ-ների պարտադիր կիրառման պահանջը», - հարց է բարձրացնում Ցոլվարդ Գեւորգյանը: - «Եթե մեծ բիզնեսը արտադրում է, իսկ փոքր բիզնեսը իրացնում է, ապա տարանջատել նրանց անհնարին է»:

«Եթե ես մեծ բիզնեսի արտադրանքը իրացնում եմ ստվերում, դա նշանակում է՝ նա ինձ ապրանքը տվել է ստվերում», - փաստեց նա:

Սա նշանակում է, որ խոշոր գործարարների կողմից իրենց գործերը ստվերում վարելու աշխատաոճը իր շարունակությունն է ստանում փոքր ու միջին բիզնեսի ոլորտում. եթե խոշոր գործարարը թաքցնում է իր եկամտի իրական չափերը, ապա նրա որոշակի մասը տեղափոխվում է փոքր բիզնեսի ոլորտ։

Վաճառականների միության գնահատումներով, միայն առեւտրի ոլորտում այսօր գոյանում է շուրջ 14 միլիարդ դրամի ստվերային եկամուտ: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ մանր գործարարները չեն ցանկանում լրիվ հարկերը վճարել, այլեւ՝ չեն կարողանում խոշոր արտադրողներից եւ մեծածախ վաճառողներից իրենց գնումները վավերացնող փաստաթղթեր ստանալ։

Հայաստանի շուրջ 8000 առեւտրային օբյեկտների միջին օրական պաշտոնական շրջանառությունը, Հայաստանի վաճառականների միության գնահատմամբ, 25 հազար դրամ է, ինչը, ըստ տիկին Գեւորգյանի, իրական թվերի համեմատությամբ, շատ փոքր գումար է։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG