Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թե ինչու է իրավապաշտպան Freedom House կազմակերպության այս տարվա հետազոտություններում Հայաստանը ազատության չափանիշերով Ռուսաստանից առաջ՝ «Առավոտ» թերթը բացատրում է այսպես. - «Հայաստանը երբեք չի միջամտել հարեւանների ներքին գործերին եւ չի փորձել Ուկրաինայի ժողովրդի վզին փաթաթել իր նախընտրած նախագահի թեկնածուին: Հայաստանի նախագահը երբեք չի վերացրել նահանգապետերի ընտրությունը, որովհետեւ մեր մարզպետները միշտ էլ նշանակովի են եղել: Հայաստանի իրավապահ համակարգը բացարձակապես քաղաքականացված չէ, այն ընդամենը «վճարովի է»՝ մեր «Խոդորկովսկին» պարզապես կաշառք կտար դատախազությանը, եւ գործը կփակվեր»:

«Այս տարի էլ լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, արտգործնախարարությունից կստանան մի քանի տասնյակ էջից բաղկացած հաշվետվություն, ուր զետեղված կլինեն բազմաբնույթ դիվանագիտական հաղթանակներ ու ամեն տեսակ հաջողություններ: Մինչդեռ», - տարեվերջի հայացքով գնահատում է «Առավոտ»-ի մեկնաբանը, - «անցնող տարում Հայաստանն, օրինակ, ի տարբերություն իրենց գոնե մի քիչ հարգող ԱՊՀ մի շարք անդամ-երկրների, միացավ ԵԱՀԿ-ին ջախջախող (խորհրդային մտածողությամբ, իհարկե) Պուտինի թխած փաստաթղթին: Մինչեւ արմունկները զանազան ընտրահանցանքների եւ ուրիշ շատ մեղքերի մեջ խրված Հայաստանն այդպիսով, փաստորեն, ժողովրդավարության դասեր տվեց Եվրոպային՝ ցավալիորեն հայտնվելով «Շերխանի շակալի» կարգավիճակում: Եվ իբրեւ այս աբսուրդի շարունակություն՝ Քոչարյանը շնորհավորեց Յանուկովիչին»: Ղարաբաղյան կարգավորման գործընթացն էլ, իրականում, ըստ «Առավոտ»-ի, «մազաչափ իսկ տեղից չի շարժվել, եթե չասենք՝ ավելի է խճճվել ու բարդացել»:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Գռիզլովի որակումը, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, ըստ «Հայոց աշխարհ» թերթի, վիրավորական ոչինչ չի պարունակում, եւ ֆորպորստ նշանակում է սոսկ, որ «տվյալ պետությունը կոնկրետ տարածաշրջանում այս կամ այն գերտերության հենման հուսալի կետն է»: «Հայոց աշխարհ»-ը վրդովվում է, որ այսքանը չեն ուզում ըմբռնել ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, այն դեպքում, երբ, օրինակ, Վրաստանի ղեկավարությունն «ուղղակի կաշվից դուրս է գալիս ապացուցելու համար, որ Վրաստանն է Արեւմուտքի ֆորպոստը Հարավային Կովկասում»: «Ի դեպ, դարեր շարունակ հենց Հայաստանն է եղել Արեւմուտքի ֆորպոստը ողջ Առաջավոր Ասիայում», - ձեւակերպում է «Հայոց աշխարհ»-ը: - «Գուցե մե՞նք էլ ներկայումս մտածենք այն ուղղությամբ, որ, մնալով Ռուսաստանի ֆորպոստը, ժամանակի ընթացքում՝ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների անշեղ բարելավմանը զուգընթաց, կարողանանք վերականգնել նաեւ Արեւմուտքի ֆորպոստի մեր ավանդական կարգավիճակն ու էլ ավելի ամրապնդենք սեփական դիրքերը»: Ամփոփելով՝ «Հայոց աշխարհ»-ը ընդգծում է. - «Մեր քաղաքական գործիչների մի մասը՝ անտեղյակության, մյուսները՝ միակողմանիորեն դեպի Արեւմուտք ուղղված իրենց քաղաքական կողմնորոշումների հետեւանքով, չեն գիտակցում կամ էլ չեն ուզում ընդունել այն տարրական փաստը, որ ժամանակակից աշխարհում միջուկային հզոր ներուժ ունեցող որեւէ գերտերության ֆորպոստը լինելը ոչ միայն անվտանգության լուրջ երաշխիք է, այլեւ ակնհայտ առավելություն՝ հարեւանների հանդեպ»:

«Հայ արիական միաբանություն» կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը երեկ իշխանական վերնախավում գտնվող արվամոլների առաջին ցուցակն ուղարկելով Ռոբերտ Քոչարյանին, Անդրանիկ Մարգարյանին եւ Սերժ Սարգսյանին, ավելի ուշ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ Քոչարյանի աշխատակազմի ներկայացուցիչը, ում հետ ինքը վարել է բանակցությունները, խոստացել է առաջիկայում հանդիպում կազմակերպել Քոչարյանի հետ. - «Նաեւ՝ խոստացել են, որ շատ մոտ ապագայում այդ յոթ արվամոլների հարցը կլուծվի»: «Հայոց աշխարհ»-ի թղթակցին էլ Արմեն Ավետիսյանը ասել է, թե այս ցուցակում ներառվածները իր նամակների հասցեատերերի աշխատակազմերում են եւ «շատ մոտ հարաբերությունների մեջ են», «արդարադատության համակարգից, բանկային համակարգից եւ էլի մի քանի ոլորտներից են». - «Յոթից յուրաքանչյուրը մի ոլորտից է։ Տեսականի ենք ներկայացրել», - ձեւակերպում է նա՝ վստահեցնելով, որ ցուցակը հիմնավորված է «որոշակի փաստերով՝ լուսանկարներով, տեսանյութերով»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն արդեն իսկ կանխանշում է, որ առաջիկայում ցանկացած պաշտոնանկություն հասարակությունն անմիջապես կապելու է հենց այդ խնդրին՝ անկախ նրանից, թե իրականում ինչի համար է պաշտոնանկ արվել տվյալ պաշտոնյան: «Ազգ» թերթում էլ խտացված է. - «Անկասկած վիճարկելի է այդ պաշտոնյաներին Հայաստանով մեկ «խաղք ու խայտառակ» անելու գաղափարը, դրանում համոզված չէ նաեւ այս մասին ստեպ-ստեպ հայտարարություններ անող Արիական միաբանության ղեկավարը: Ուրեմն ինչու մեղադրյալների հետ հասարակությանն էլ պահել նյարդային սպասումների մեջ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG