Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «Վստահ եմ, որ պատգամավորները կողմ են քվեարկելու»


Հայաստանի պաշտպանության փոխնախարարը վստահ է, թե ազգային անվտանգության գիտակցումը կստիպի պատգամավորներին դեկտեմբերի 24-ին սկսվելիք արտահերթ նստաշրջանում քվեարկել հօգուտ Իրաք ստորաբաժանում ուղարկելու:

Ազգային Ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովը այսօր քվորում չլինելու պատճառով չտվեց իր եզրակացությունը «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրի մասին:

Հանձնաժողովը իր եզրակացությունը կտա ուրբաթ օրը՝ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում այս հարցով քվեարկությունից առաջ:

«Վստահ եմ, որ պատգամավորները, գիտակցելով, թե ազգային անվտանգությունը որտեղ է սկսվում եւ վերջանում, անպայման կողմ են քվեարկելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննարկմանը ներկա պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

Ըստ նրա, Ազգային ժողովի հավանությունը ստանալու դեպքում Հայաստանը պարտավորություն է ստանձնում Իրաք ուղարկել 30 վարորդ, 10 սակրավոր եւ 3 բժիշկ, ինչպես նաեւ ավտոմեքենաները սպասարկող անձնակազմ:

«Նրանք բոլորը պետք է կամավորներ լինեն, եւ այդպիսինները արդեն կան», - տեղեկացրեց Աղաբեկյանը:

Ի պատասխան Լեհաստանի՝ մինչեւ 2005-ի տարեվերջ Իրաքից զորքերը դուրս է բերելու մասին շրջանառվող լուրերին վերաբերող հարցին, պաշտպանության փոխնախարարը ասաց. - «Ուզում եմ հիասթափեցնել բոլոր այն մարդկանց, որոնք նման տեղեկություն ունեն: Ես եղել եմ Լեհաստանում, հանդիպումներ ունեցել Լեհաստանի Գլխավոր շտաբի մասնագետների հետ, քննարկել եմ այդ հարցը: Նման հարց մինչեւ աշուն դրված չէ», - վստահեցրեց Արթուր Աղաբեկյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG