Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով»


«Եվրոպացիները, ամերիկացիները եւ ռուսները պետք է համատեղ գտնեն փոխզիջումային տարբերակ, որով Հայաստանը ժամանակավորապես կվերահսկի Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը հետագայում պետք է որոշվի հանրաքվեի միջոցով՝ հինգ կամ տասը տարվա ընթացքում», - ֆրանսիական «Ֆիգարո» թերթում երեքշաբթի օրը հրապարակված «Պուտինը եւ կայսրության ուրվականները» հոդվածում առաջարկում են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեր Լելուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն:

Հոդվածի հեղինակները վերլուծում են Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, թե սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի ղեկավարները փորձել եւ փորձում են վերականգնել «ստվերային» կայսրությունը՝ շահարկելով «սառեցված հակամարտությունները» Կովկասում եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում:

Ղարաբաղյան հակամարտությունը, ըստ հեղինակների, ավելի բարդ է եւ իր բնույթով տարբերվում է Մերձդնեստրի, Աբխազիայի եւՀյուսիսային Օսիայի «սառեցված հակամարտություններից»:

«Հայ եւ ադրբեջանցի զինվորականները նստած են խրամատներում՝ ավելի շուտ հիշեցնելով 1915 թվականը, քան 2004 թվականի Եվրոպան», - գրում են նրանք: - «Հակամարտությունը միայն թվում է «սառեցված», այն արնաքամ է արել Հայաստանը, սպառնում է կայունությանը Ադրբեջանում... Իսկ կայունությունը կարեւոր է Արեւմուտք էներգակիրների անվտանգ տեղափոխման համար»::

Ինչ վերաբերում է Թուրքիային, հեղինակների կարծիքով, այդ երկրին հնարավորություն է տրվում բարի կամք դրսեւորել, ցույց տալ, որ եվրոպական ընտանիքի անդամությանը հավակնող երկիրը ցանկանում է նաեւ «օգտակար լինել»: «Դրա համար Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, ինչը շատ կհեշտացներ անկախության ձեռբերումից հետո իվեր 15 տարի դաժան շրջափակման մեջ գտնվող Հայաստանի կյանքը», - մատուցվում է հոդվածում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG