Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծամասնությունը ուզում է երկիրը տեսնել Եվրամիության կազմում


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով, հայաստանցիների մեծամասնությունը ուզում է, որ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը: Հարցումը անցկացվել է հոկտեմբեր - դեկտեմբեր ամիսներին 100 փորձագետների եւ 2002 քաղաքացիների շրջանում:

Հարցված փորձագետների 92 եւ հանրության 64 տոկոսը կողմ է, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Ընդ որում, տարեսկզբի համեմատությամբ, հայաստանցիների շրջանում եվրոպամետ հակումները ավելացել են: Կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված լինի Վրաստանի եւ Ուկրաինայի իրադարձություններով: Որոշակի դեր է կատարել նաեւ Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ցանկությունը:

Սաֆարյանի խոսքերով, նկատվում է նաեւ Ռուսաստանի հանդեպ վստահության նվազում՝ թե’ Հայաստանի հանդեպ այդ երկրի վերաբերմունքի կապակցութամբ, թե’ «Գույք պարտքի դիմաց» գործարքի առումով:

«Հայաստանը, ըստ էության, իր ունեցած պարտքի դիմաց վճարեց գույքով, որոնք [Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունները] այսօր դեռեւս չեն գործարկվում», - ասաց նա՝ ավելացնելով, որ դա որոշակի հիասթափություն է առաջացրել:

Անցկացված հարցումը ցույց է տվել նաեւ, որ հանրության մեծ մասը իրականում լավ չի պատկերցնում, թե ինչ է Եվրամիությունը: Հանրային հարցմամբ ընդգրկվածների ավելի քան 66 տոկոսը խոստովանել է, որ տեղյակ չէ, թե ինչ տարբերություն կա Եվրամիության եւ Եվրախորհրդի միջեւ: Ավելին՝ հանրության շրջանում հարցվածների ավելի քան 50 տոկոսը կարծում է, թե Ռուսաստանը կաջակցի Հայաստանին Եվրամիությանն անդամակցելու հարցում:

Փորձագետները, իհարկե. ավելի տեղեկացված են. նրանց 60 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը կխոչընդոտի Հայաստանի անդամակցությանը:

Այդուհանդերձ, Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ հստակ եվրոպամետ տրամադրություններ, ի տարբերություն նախորդ տարիների, Հայաստանում արդեն ձեւավորվել են: Նրա խոսքերով, մեկ այլ հարցման արդյունքներով, հասարակության շոշափելի մասը, կողմ լինելով Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը, նաեւ Եվրամիության հետ համագործակցելու կողմնակիցն է:

«Երկու նախապատվություններ հստակ կան», - ասաց Սաֆարյանը: - «Եվ վաղ թե ուշ հասարակությունը ստիպված կլինի ընտրություն կատարել այդ երկու ուղղությունների միջեւ: Իսկ ընտրությունը, ես կարծում եմ, կլինի Եվրամիության օգտին»:

Հարցման արդյունքներով, հանրության մեծամասնությունը՝ 52 տոկոսը դեմ է, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը: Մինչդեռ փորձագետների մեծամասնությունը (61 տոկոսը) կողմ է դրան:

Այլ թեմաներով հարցումների արդյունքներից ուշագրավ է Իրաք զինվորականներ ուղարկելու մտադրության նկատմամբ վերաբերմունքը. ինչպես փորձագետների, այնպես էլ հանրության մեծամասնությունը դեմ է դրան:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս հանգրվանից հավասարապես դժգոհեն ե’ւ փորձագետները, ե’ւ հանրությունը: Հանրության 41 տոկոսը «մտահոգված է» այս խնդրով, փորձագետների 49 տոկոսը՝ «խիստ անհանգստացած»:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարում՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ փորձագետ Ստեփան Սաֆարյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG