Մատչելիության հղումներ

Էռնեկյանը նոր խոշոր ներդրում է կատարում Հայաստանում


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի վարձակալ, արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի հիմնադրած «Տիեռաս դե Արմենիա» ընկերության եւ հայաստանյան «Մաքս գրուփ» ընկերության միջեւ երեքշաբթի օրը ստորագրված պայմանագրի շրջանակներում, առաջիկա տարիներին Հայաստանում կհիմնվեն բարձրակարգ պտղատու այգիներ:

Ըստ պայմանագրի, «Տիեռաս դը Արմենիա»-ն «Մաքս գրուփ»-ից գնում է 2300 հեկտար հող, հայաստանյան ընկերությունը դրան ավելացնում է եւս 3700 հեկտար, եւ այդ ընդհանուր տարածքում էլ առաջիկա 5-6 տարիներին կհիմնվեն այգիները։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 25 միլիոն դոլար է:

«Այդ 5-6 տարվա ընթացքում հիմնելու ենք նաեւ բավականին խոշոր վերամշակման գործարան նույն տարածքում», - տեղեկացրեց «Մաքս գրուփ»-ի սեփականատերերից Մհեր Բագրատյանը:

Հարցին, թե Էդուարդո Էռնեկյանը զուտ հայրենասիրական նկատառումներո՞վ է անում այդ քայլը, թե՞ Հայաստանում գյուղատնտեսության մեջ ներդրումներ անելը շահավետ է, արգենտինահայ մեծահարուստի ներկայացուցիչ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Մարցելլո Վենդեն պատասխանեց. - «Պարոն Էռնեկյանը նեդրումները արել է բացառապես բիզնեսի եւ շահույթ ստանալու նկատառումներով: Մենք կարծում ենք, որ այս բիզնեսը երկարաժամկետ է, եւ այն երկրի հետագա զարգացման գործոն կարող է դառնալ»:

Ստորագրման արարողությանը ներկա Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, գնահատելով կնքված գործարքը, ասաց, որ այն շահեկան է հատկապես նախկինում անջրդի եւ շրջանառությունից դուրս եկած հողերը օգտագործելու, ինչպես նաեւ հողի շուկան զարգացնելու տեսանկյունից:

«Աստիճանաբար գյուղատնտեսությունը դառնում է շահավետ ոլորտ տնտեսություն վարելու տեսակետից», - ասաց նա՝ ավելացնելով, թե այն, որ օգտագործվող հողերը ապահովում են մեծ եկամտաբերություն, առաջացրել է չմելիորացված, ոռոգման տակ չգտնվող հողերի պահանջարկ: - «Արմավիրի մարզպետարանը, համապատասխան գյուղապետերը այդ պրոցեսը իրականացնում են»:

Նախարարը նկատի ունի Բաղրամյանի եւ Արմավիրի շրջանի Արաքս գետին հարող մյուս տարածքները, որոնք նախկինում անջրդի էին, ոռոգելի դառնալուց հետո այժմ կտրուկ թանկացել են: Մասնագետների գնահատմամբ, այդ հողերի մեկ հեկտարն այժմ առնվազն 1000 դոլար արժե։

Արարողությանը ներկա էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Նա տեղեկացրեց, որ վերջերս Էդուարդո Էռնեկյանը որպես բարեգործական օգնություն հիմնադրամին է փոխանցել 1 միլիոն 800 հազար դոլար։

Օդականավակայանների բիզնեսում հայտնի արգենտինահայ մեծահարուստը 2002 թվականին 30 տարով վարձակալել է «Զվարթնոց» օդանավակայանը՝ պարտավորվելով ներդրումների միջոցով այն դարձնել միջազգային չափանիշիներին համապատասխանող կառույց։ Միայն այս տարվա հունիսին սկսված նոր տերմինալի շինարարության վրա կծախսվի 42 միլիոն դոլար։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG