Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Արտահերթ նստաշրջանը տապալելու հստակ հանձնարարական տալով կոալիցիային, Քոչարյանը հերթական անգամ ապացուցեց, որ կոալիցիայի իրական արժեքը զրո է: Միայն այն, որ Ազգային ժողովում հնարավոր եղավ հավաքել 66 ստորագրություն, դա արդեն բավական է լրջորեն կասկածի տակ առնելու հանրապետական վարչապետի` խորհրդարանում մեծամասնություն ունենալը», - մատուցում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նշելով. - «Նրանով էլ, որ Սահմանադրությամբ երկրի 2-րդ դեմքը որեւէ լծակ չունի, որպեսզի կարողանա Ազգային ժողով բերել 66-ի նախաձեռնության տակ բոլոր ստորագրած պատգամավորներին, Քոչարյանը ցույց տվեց, թե Ազգային ժողովում ում ձեռքին են իրական լծակները»: «Ողջ այս պատմության զավեշտն այն է, որ կոալիցիայի 3 կուսակցությունում էլ երեկ տրամադրությունը հաղթական էր»: Իսկ ներկոալիցիոն բախումները, ըստ ամենայնի, «Քոչարյանը հետաձգում է մինչեւ փետրվար, ինչը հիմք է տալիս որոշ քաղաքական վերլուծաբանների ենթադրելու, թե նա կոալիցիայի փլուզումը ծրագրում է գարնանամուտին»:

«Հայոց աշխարհ» թերթի խմբագիրն այսօր եւս մեկ անգամ ամրագրել է. - «Եթե ավանդների վերադարձման հարցով արտահերթ նստաշրջան հրավիրողները չեն հասկանում, թե ինչ են անում, նշանակում է՝ հիմար են։ Եթե հասկանում են, թե ինչ են անում, ուրեմն սրիկա են։ Ինչ է, եղածները քիչ են եւ անհրաժեշտ է սրիկաների նո՞ր խմբաքանակ։ Մի՞թե չեն ամաչում՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար խաբել մարդկանց, թե ավանդները հենց հիմա կվերադարձնեն», - տարակուսվում է «Հայոց աշխարհ»-ում։

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով էլ 66 ստորագրություն հավաքելու գործում «ստվերային աջակցություն ցուցաբերած հմուտ խաղացողները ամենեւին էլ նպատակ չունեին լուծելու ավանդների խնդիրը». - «Դրանով լուծվում էին միանգամայն այլ խնդիրներ: Նախ, վարչապետին ցույց տվեցին, որ անհրաժեշտության դեպքում ԱԺ-ում հնարավոր է գոյացնել այնպիսի մեծամասնություն, որն անվերահսկելի է վարչապետի եւ կոալիցիոն կառավարության կողմից: Երկրորդը՝ այդ քայլով ակնհայտորեն սրվեցին ներկոալիցիոն հարաբերությունները: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, հարկադրված լինելով հրապարակավ քայլեր ձեռնարկել արտահերթի գումարումը թույլ չտալու ուղղությամբ, վարկանիշի որոշակի կորուստ ունեցան հանրության աչքերում»: Մեկնաբանը ենթադրում է հետագա զարգացումների հետեւյալ սցենար. - «2005-ին հենց սկզբից փորձ կարվի դուրս մղել «Օրինաց երկիր»-ին եւ ձեւավորել նոր մեծամասնություն, որը բաղկացած կլինի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժողպատգամավոր»-ից եւ ՄԱԿ-ից: Նոր կոալիցիայի ֆորմատը թեեւ թույլ կտա Անդրանիկ Մարգարյանին պահպանել վարչապետի պաշտոնը, այնուամենայնիվ, նրա հնարավորությունները, քաղաքական ազդեցությունը ու ներքաղաքական մանեւրի դաշտը էապես ավելի նեղ կլինեն... Այս պահին պարզ է, որ կոալիցիան կանգնած է իր կարապի երգը երգելու շեմին, ու ե’ւ վարչապետի, ե’ւ ԱԺ նախագահի դիրքերի պահպանումը դժվար թե հնարավոր լինի առանց նոր ուժերի հետ գործակցելու», - ամփոփվում է «Իրավունք»-ում: - «Իսկ այդպիսի ուժեր այժմ օբյեկտիվորեն հնարավոր է գտնել ընդամենը երկու դաշտում, որոնք բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունեն՝ ընդդիմությունը, որը ոգեւորվել է Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությամբ, եւ օլիգարխները, ում հիմնական հոգսը սեփական կապիտալների եւ շուկաների անձեռնմխելիությունն է»:

«Երբ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը անկախ պետություն Հայաստանը անվանեց Ռուսաստանի ֆորպոստ, նա, ամենայն հավանականությամբ, փորձում էր հաճելի բան ասել հյուրընկալ տանտերերին: Ի դեպ, հայկական կողմը բարձրաստիճան հյուրի նման հաճոյախոսությունից պարզապես հալվել է», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Հետաքրքիր է, որ ոչ միայն իշխանությունները, այլեւ խորհրդարանական ընդդիմությունը որեւէ ուշադրության չեն արժանացրել այդ նվաստացուցիչ եւ վիրավորական ձեւակերպմանը եւ դրա դեմ բողոքող ոչ մի մեկնաբանություն չեն արել»: «Իսկ որ ֆորպոստի կարգավիճակը բոլորովին նախանձելի չէ, երեւում է պատմական բազմաթիվ օրինակներից», - մատնանշում է «Առավոտ»-ը: - «Ասենք, 1941 թվականին Բրեստը Խորհրդային Միության ֆորպոստն էր: Երբ Գերմանիան հարձակվեց, այն մի քանի օր հետո ընկավ, որովհետեւ այդպիսին է ֆորպոստի դերը: Երկրորդ օրինակը վերաբերում է Հայաստանի պատմությանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ էլ մենք Ռուսաստանի ֆորպոստն էինք: Բայց ինչ-ինչ աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ ռուսական զորքերը թողեցին իրենց ֆորպոստը: Հետեւանքները հայտնի են»: «Իրավունք»-ի մեկնաբանն էլ այսօր զարմանքով արձանագրում է, որ Հայաստանի նախագահը «ոչ թե ամաչում է Հայաստանի ֆորպոստի կարգավիճակից, ինչն ամոթալի է պետություն կոչվող ցանկացած տարածքի պարագայում, այլ ֆորպոստի հանգամանքը համարում է առավելություն»: Այստեղ դիտողություն է արվում , թե «վեց տարի շարունակ Հայաստանի նախագահ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ լիիրավ պատկերացում չունեցավ, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG