Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 18-ը դեկտեմբերի)

«Ձեն հանի’ր, կովկասյան վագր». այս վերնագրի տակ է «Հայկական ժամանակ» թերթը անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա խայթոցին, թե՝ «պարզվում է Հայաստանը ընդամենը Ռուսաստանի ֆորպոստն է»: «Եվ այժմ մենք չգիտենք, թե ում հետ բանակցություններ վարենք՝ այդ ֆորպոստի, թե նրա տիրոջ», - ավելացրել էր Ադրբեջանի նախագահը: «Այս հայտարարությունը այլ կերպ, քան՝ ապտակ, դժվար է անվանել, եւ այդ ապտակը Հայաստանը ստանում է իր իշխանությունների վարած հետեւողական հակապետական քաղաքականության հետեւանքով», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը՝ ուշադրություն հրավիրելով նաեւ, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը նախկինում երբեք բանակցային նախապայման չի եղել. - «Իսկ այսօր այդ հարցը Ադրբեջանը համարում է նախապայման: Ասել է թե՝ նրա համար այլեւս անընդունելի է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլեւ գրավյալ տարածքների աստիճանական վերադարձի պայմաններում ԼՂ կարգավիճակի քննարկումը»: Այս ամենը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, ընդամենը նշանակում է, որ «այսօր բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքերը ամուր են, քան երբեւէ, եւ որ կարեւոր է՝ հետզհետե ավելի են ամրանում»:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. - «Ապագայում տակտիկական լուծումները կարող են, ինչո՞ւ չէ, փաթեթի մեջ փուլային էլեմենտներ ներգրավել, ամեն բան հնարավոր է, ամեն ինչ կախված է մեր շահերից: Եթե վաղը մեր շահերն ապահովվեն փուլային տարբերակներով, ես անմիջապես կդառնամ փուլայինի կողմնակից... Իսկ այն, ինչ առաջարկվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, հիմա էլ եթե մենք համաձայնենք, թուրքերը վազելով կգան: Ի՞նչ էին, ի վերջո, նրանք առաջարկում, առաջարկում էին Ղարաբաղը պահպանել Ադրբեջանի կազմում»:

Խորհրդարանի արտահերթ նիստում ավանդների վերադարձի հարցը քննարկելու շուրջ աղմուկը, «Առավոտ»-ի հայացքով, ընդամենը հետաքրքիր շոու է: «Հմայակը հստակ առաջադրանք ունի «սխալ հանել» «Օրինաց երկիր»-ին՝ իբր, տեսեք, այդքան խոստանում էին, իսկ հիմա մատը մատին չեն խփում», - ուրվագծվում է այստեղ: - «ՀՅԴ-ն ունի այդ ամենից խուսափելու գեղեցիկ պատրվակ. կհայտարարի, թե ուզում է ավանդների ռուբլին մեկին մեկ համապատասխանեցնել ամերիկյան դոլարին: Հանրապետականները չեն կարող մասնակցել այն խաղերին՝ վարչապետն ու ֆինանսների նախարարը իրենցից են: Արդյունքում ավանդները կմնան չվերադարձված, պատգամավորները` ջուր ծեծած եւ բարոյապես բավարարված: Մամուլն էլ այս տարվա վերջին աշխատանքային շաբաթում գրելու բան կունենա»: Ի դեպ, Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էլ հիշատակված հարցազրույցում ընդգծել է. - «Պետք չէ այդքան միամիտ լինել եւ մտածել, որ ստորագրահավաքը կազմակերպել է Հմայակ Հովհաննիսյանը»: Իսկ հարցին, թե՝ «Ձեր կարծիքով՝ ո՞ւմ հրահանգով հաջողվեց հավաքել արտահերթ նստաշրջան անցկացնելու համար բավարար ստորագրություններ», - Հովհաննիսյանը ընդամենը արձագանքում է. - «Ես նման պրովոկացիոն հարցերի չեմ պատասխանում»:

«Հայկական ժամանակ»-ի լրատվությամբ՝ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի դատարանների նախագահների հետ՝ առանց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի: «Եվ դա մեկ անգամ եւս հաստատում է տեղեկությունները, թե իշխանության վերնախավում Հարությունյանի գործունեության հետ կապված դժգոհություններ կան: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նախագահի նստավայրում եւ Արդարադատության խորհրդում նյութեր են նախապատրաստվում եւ կոմպրոմատներ հավաքվում, որոնց նպատակը Դավիթ Հարությունյանի պաշտոնանկությունն է», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Հայոց աշխարհ» թերթի խմբագրի պատկերավորմամբ՝ ներկա դրությամբ «գործնականում բոլոր պետական ինստիտուտների դեգրադացիայի աստիճանն այնպիսին է, որ «երկուշաբթի առավոտից» օրենքի դիկտատուրա ազդարարելու փորձը կավարտվի լավագույն դեպքում զանգվածային դանակակռվով»: «Դա երկարատեւ եւ հետեւողական գործընթաց է, որը պահանջում է առավելագույն քաղաքական կամք եւ առավելագույն անկախություն՝ ազդեցության ցանկացած խմբերից: Օրենքի դիկտատուրա անհնար է հաստատել մի երկրում, որտեղ մինչ օրս չկա քրեական ազդեցությունից ազատ եւ ոչ մի ոլորտ», - նշում է խմբագիրը։ - «Հայրենի իրավապահների անկախության մասին խոսելը պարզապես անիմաստ է։ Առանց կողմնակի օգնության, նրանք նույնիսկ սեփական շալվարները կոճկել ի վիճակի չեն... Օրենքի դիկտատուրայի հաստատումը բացարձակապես անհնարին է դատական համակարգի ներկայիս վիճակում։ Դատարանների ընդունած վճիռների մեխանիկական կատարումը կարող է անհամեմատ ավելի տպավորիչ հետեւանքներ ունենալ, քան թուրք-սելջուկների արշավանքները։ Չենք խոսում այն մասին, որ այդ վճիռներին էլ հաճախ հարկ է լինում սպասել ամիսներ ու տարիներ շարունակ»։

«Նախատոնական թալանը բարգավաճում է», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ դրա ակունքում մատնանշելով մեր շուկայական կյանքի բոլոր ոլորտները իրենց ձեռքը վերցրած «մի քանի տասնյակ անբարո ու անկուշտ մարդկանց»: «Տարադրամի շուկան էլ բնավ շուկա չէ, այլ երկրի նույն այդ իրական մի կույտ տերերի կողմից բացահայտ կողոպուտ: Մինչդեռ», - քմծիծաղում է մեկնաբանը, - «Կենտրոնական բանկը երկիրը ցնցած այդ մութ գործարքների համար մեղավոր է հռչակում ընդամենը մանր ու միջին մի քանի տարադրամ փոխանակողների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG