Մատչելիության հղումներ

Վլադիմիր Կազիմիրով. Ղարաբաղյան կարգավորման գործընթացը «դոփում է տեղում»


«2004 թվականը նույնպես չդարձավ բեկումնային՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում», - ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում գրել է 1992-1996թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Ըստ հեղինակի, գործընթացը չի արձանագրում որեւէ տեղաշարժ, կողմերը «ուղղակի դոփում են տեղում»:

«Այս տարի կայացել է հայ-ադրբեջանական 9 հանդիպում, 3-ը՝ նախագահների մակարդակով, 6-ը՝ արտգործնախարարների: Բաքուն եւ Երեւանը, ինչպես նաեւ Ստեփանակերտը, հայտարարություններում անընդհատ խոսում են խաղաղ գործընթացի առաջնահերթ կարեւորության մասին: Գործնականում, սակայն, բանակցությունների միջեւ ընկած ժամանակահատվածում ընթանում է «սառը պատերազմ»՝ հիմնականում տեղեկատվական, երբեմն էլ՝ ապատեղեկատվական», - ձեւակերպել է Մինսկի խմբի նախկին համանախագահը:

Երկու երկրների իշխող վերնախավերը, ըստ Կազիմիրովի, հասարակակական կարծիքը չեն նախապատրաստում փոխզիջումների: Ընդհակառակը՝ նրանք «քարոզում են անհանդուրժողականություն ցանկացած զիջումների նկատմամբ»:

«Այս ամենը միայն ուժեղացնում է տպավորությունը, թե պաշտոնական Բաքում եւ Երեւանը սոսկ բանակցությունների պատրանք են ստեղծում՝ վախենալով անխուսափելի զիջումների արդյունքում ցնցումներից», - գրում է Կազիմիրովը: - «Առայժմ պարզ չէ՝ բեկումնային կլինի՞ արդյոք 2005 թվականը: Պարզ է միայն, որ հնարավոր չէ հասնել արդյունքի, եթե կողմերը չհրաժարվեն անիմաստ ու անիրականանալի ծայրահեղականությունից, հետեւողականորեն չփորձեն գտնել փոխզիջումային տարբերակ, ազնիվ չլինեն իրենց քաղաքացիների հետ աշխատանքում»:

Ռուս դիվանագետի խոսքերով, ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենան նաեւ միջնորդները՝ չսահմանափակվելով «հերթական հանդիպումը սպասարկելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG