Մատչելիության հղումներ

Ջավախքահայերին մտահոգում է Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքի նախագիծը


Ինչպես երեկ հաղորդել է «Ա-Ինֆո» գործակալությունը, Ախալքալաքում նախորդ օրը անցկացված փոքրամասնությունների հարցերով եվրոպական կենտրոնի (ECMI) ջավախքյան երկրորդ խորհրդաժողովում Վրաստանի «Ընդհանուր կրթության մասին» օրենքի քննարկումներում ջավախքահայության ներկայացուցիչները տագնապ են հնչեցրել, թե օրենքի այդ նախագծով փակման վտանգի տակ են դրվում Վրաստանի բոլոր հայկական դպրոցները:

Հարցի քննարկման ժամանակ նախ զեկուցումով հանդես է եկել ECMI-ի կրթական հարցերի հանձնախմբի պատասխանատու Սեդա Մելքումյանը, ով մանրամասնորեն ներկայացրել է իրենց հանձնախմբի կատարած հետեւությունները օրենքի նախագծի քննարկումից հետո՝ արձանագրելով, որ նախագծով փակման վտանգի տակ են դրվում Վրաստանի բոլոր հայկական դպրոցները:

Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Բելա Ցիպուրիան իր ելույթում նշել է, թե ոչ վրացական դպրոցների փակման մասին խոսակցությունները ընդամենը ասեկոսեներ են, իսկ թյուրիմացությունը ծագել է օրենքի նախագծի սխալ թարգմանությունից:

Սակայն օրենքի նախագծի ներկայացման ժամանակ փոխնախարարին չհաջողվեց փարատել ջավախքցիների կասկածները. օրենքի գրավոր տարբերակը միայն վրացերեն էր, իսկ տեղում կատարվող բանավոր թարգմանությունը, ըստ որի հայկական դպրոցներին փակման վտանգ չի սպառնում, շատերի համար նույնպես սխալ էր ընկալվում:

«Երկար քննարկումը այս հարցում որեւէ արդյունք չտվեց, միայն արձանագրվեց, որ օրենքի նման նախագծով ընդունումը հղի է վտանգավոր հետեւանքներով», - տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG