Մատչելիության հղումներ

Հազարավոր հայեր բողոքի ցույց էին կազմակերպել Բրյուսելում


(«Ֆրանս Պրես» գործակալություն). - Եվրոպաբնակ հազարավոր հայազգիներ ուրբաթ օրը Եվրամիության գագաթաժողովի ժամանակ բողոքի ցույց էին կազմակերպել Բրյուսելում՝ պահանջելով, որ Թուրքիան ընդունի անցած դարասկզբի հայող ցեղասպանությունը: Ցուցարարները պնդում էին, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը այդ երկրի հետ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները սկսելու նախապայման լինի:

Ցուցարարները Բրյուսել էին եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի եւ Ռուսաստանի հայկական համայնքներից:

«Մենք ուզում ենք, որ այստեղ հավաքված Եվրամիության 25 երկրները իմանան, որ հայկական ծագում ունեցող եվրոպացիները ցանկանում են, որ Թուրքիան, որպես անդամակցության բանակցություններ սկսելու նախապայման, ճանաչի ցեղասպանությունը», - ասաց ցույցի կազմակերպիչներից Վարդան Արզումանյանը:

Կազմակերպիչների խոսքերով, ցույցին մասնակցում էր շուրջ 8 հազար մարդ, ոստիկանության տվյալներով, սակայն, հավաքվել էր 2300 ցուցարար: Փարիզից ցուցարարները Բրյուսել էին եկել ավտոբուսներով, իսկ Աթենքից եւ Ստոկհոլմից՝ ինքնաթիռային չարտերային չվերթներով:

Միաժամանակ, Հայաստանում Եվրամիության հանձնակատարի գրասենյակի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել շուրջ 200 երիտասարդներ: «Եվրոպական երկրները չպետք է իրենց շարքն ընդունեն մարդկության նկատմամբ մեծագույն հանցագործություն՝ ցեղասպանություն իրականացրած երկրին», - ասված էր ցույցի ժամանակ ընթերցված հայտարարության մեջ: - «Համաձայնելով սկսել բանակցությունները, եվրոպական երկրները պատասխանատվություն են ստանձնում այդ հանցագործության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG