Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելուն


Երեկ ուշ երեկոյան Եվրամիության պետությունների ղեկավարները որոշում են կայացրել՝ կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին:

«Ռոյթըր»-ի փոխանցմամբ, Եվրամիությունում հերթագայության կարգով նախագահող Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալկենենդեն հայտարարել է, թե բանակցությունները կսկսվեն 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Մինչեւ բանակցությունների սկիզբը Թուրքիան պետք է ստորագրի Եվրամիության Արձանագրությունը, որով կճանաչի Կիպրոսի Հանրապետությունը:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի համար Կիպրոսի ճանաչումը շատ զգայուն հարց է: Երեկ Եվրամիության գագաթաժողովում վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի», իսկ արտգործնախարար Աբդուլա Գյուլի դիրքորոշումը ավելի կոշտ է. «Թուրքիան ո'չ ուղղակի, ո'չ էլ անուղղակի կերպով չի ճանաչի հունական Կիպրոսը», - ասել է նա:

Եվրամիության գագաթաժողովի հայտարարության՝ երեկ տարածված նախագծում նշված է, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացի «ավարտի որոշակի ժամկետ» սահմանված չէ եւ գործընթացը սկսելը դրական արդյունքի երաշխիք չի տալիս: Եթե բանակցությունների ընթացքում կողմերը չգան Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության մասին համաձայնության, Թուրքիան «ամեն դեպքում կցված կլինի եվրոպական կառույցներին»:

Այսօր ավելի ուշ կկայանա Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը Եվրամիության երկրների առաջնորդների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG