Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. - «Առանց ղարաբաղյան կողմի հակամարտությունը չի կարող լուծվել»


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հինգշաբթի օրը տեղի ունեցած խորհրդակցությունում, որին մասնակցում էին ԼՂՀ պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, քննադատական շեշտադրումներով ընդարձակ ելույթ է ունեցել նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա կրկին շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի հակմարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Լեռնային Ղարաբաղի կյանքի բոլոր ոլորտները տեղ էին գտել նախագահի ելույթում, որի մեծ մասը նվիրվեց ԼՂՀ-ում չնվազող բազմաթիվ թերություններին:

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին, Ղուկասյանը նշեց, որ փորձեր են արվում մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը՝ դուրս թողնելով բանակցային գործընթացից: Մինչդեռ, ԼՂՀ նախագահի շեշտադրմամբ, առանց ղարաբաղյան կողմի հակամարտությունը չի կարող լուծվել:

Արկադի Ղուկասյանը վերահաստատեց հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու՝ ԼՂՀ իշխանությունների հաստատակամությունը եւ պարտաստակամությունը՝ խելամիտ փոխզիջումների ճանապարհով վերջնական համաձայնության հասնել Ադրբեջանի հետ:

Անդրադառնալով տնտեսական կյանքին, Արկադի Ղուկասյանը տեղեկացրեց, որ ավարտվող տարվա արդյունքներով տնտեսական աճը ԼՂՀ-ում կկազմի ավելի քան 30 տոկոս:

Նախագահը բազմաթիվ թերացումներ նշեց իշխանություն ներկայացուցիչների աշխատանքում՝ հատկապես միջին օղակներում. թույլ է իշխանությունների եւ ժողովրդի կապը, չինովնիկական խավը հաճախ անտարբեր է քաղաքացիների հոգսերի նկատմամբ, անվստահություն կա իշխանությունների հանդեպ:

Նշելով, որ հասարակության մեջ դեռեւս լայնորեն առկա են «մինիկլանայնությունը», անձնական հովանավորչությունը եւ կաշառակերությունը, Արկադի Ղուկասյանը հայտարարեց. - «Այն ղեկավարները, ովքեր այսուհետ իրապես չեն ապրի ժողովրդի հոգսերով, տեղ չեն ունենա իշխանական համակարգում»:

Թերեւս ամենասուր քննադատության արժանացան դատական եւ իրավապահ համակարգերը: «Դատավորները հաճախ կայացնում են սխալ վճիռներ՝ շահադիտական նկատառումներով», - ասաց Ղուկասյանը՝ ավելացնելով, որ ձեռնարկելու է վճռական քայլեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ուղղությամբ:

Խորհրդակցությունում քննարկում եւ ելույթներ չեղան: Հակիրճ խոսք ասացին միայն ԼՂՀ վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ովքեր «ծրագրային» որակեցին Ղուկասյանի ելույթը՝ կոչ անելով միասին «լծվել շոշափված հարցերի լուծմանը»:


Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG