Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիության գագաթաժողովը քննարկում է Թուրքիայի հետ անդամակցության մասին բանակցություններ սկսելու հարցը


Այսօր Բրյուսելում կսկսի աշխատել Եվրամիության երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի օրակարգում է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններ սկսելու մասին հարցը:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, այս կապակցությամբ չորեքշաբթի օրը ֆրանսիական «Ֆրանս-2» հեռուստաալիքի տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոսե Մանուել Բարոզոն ասել է, թե Եվրամիությունը անմիջապես պետք է սկսի բանակցությունները Թուրքիայի հետ, չնայած «մահմեդական այս երկիրը առայժ չի կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները»:

«Տասը տարի հետո Թուրքիան չի լինի նույն երկիրը, ինչ այսօր... Կարծում եմ, պահը եկել է», - հայտարարել է Բարոզոն, ավելացնելով, թե «Եվրամիությանը անդամակցելու համար Թուրքիան ահռելի ջանքեր է գործադրել, եւ նրա անդամակցությունը շատ դրական կլինի Եվրոպայի համար»:

Բարոզոն մերժել է Թուրքիային «արտոնյալ գործընկերոջ» կարգավիճակ տալու Ֆրանսիայի առաջարկը այդ երկրի հետ «հատուկ գործընկերության» ծրագիր մշակելու վերաբերյալ՝ որպես անդամակցության այլընտրանք: Նա նաեւ նշել էր, թե «բանակցություններ սկսելը դեռ անդամակցություն չէ»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ողջունել է չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «առանց հապաղելու» Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին, որով նաեւ Թուրքիային կոչ էր արվում ճանաչել շուրջ մեկ դար առաջ «հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի Հանրային հեռուստաընկերութան եթերում Վարդան Օսկանյանը ասել է, թե Հայաստանի համար քաղաքական առումով չափազանց կարեւոր են բանաձեւով նախատեսված վերապահումները, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի բացումը եւ ցեղասպանության ճանաչումը:

Նախարարը շեշտել է նաեւ, որ եթե բանակցությունների առաջին փուլում Թուրքիան չկարգավորի քաղաքական չափանիշները՝ այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունները, Եվրամիությանը անդամակցելու մասին բանակցությունները կարող են եւ ընդհատվել:

Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի բանաձեւի ընդունումը գնահատել է որպես Հայաստանի դիվանագիտության եւ սփյուռքի կառույցների համատեղ հաղթանակ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG