Մատչելիության հղումներ

Անկախ պատգամավորը հավաքել է արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները


Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը սահմանված ժամկետում հավաքել է 66 պատգամավորի ստորագրություն՝ Հայխնայբանկում ավանդների վերադարձի հարցով խորհրդարանի արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով:

«66 ստորագրությունը օրենքով սահմանված կարգով հավաքված է, եւ փաստաթուղթը պաշտոնապես դրվելու է շրջանառության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով, ի դեպ, ստորագրել է արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին ձեւաթուղթը:

Սահմանված կարգով, Ազգային Ժողովի նախագահը այսօրվա ընթացքում առաջարկությունը պետք է ներկայացնի երկրի նախագահին: Այս դեպքում նախագահը արտահերթ նստաշրջանը հրավիրում է նախաձեռնողի առաջարկած ժամկետում եւ օրակարգով: Այն է՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12-ին՝ քննարկելու Հայխնայբանկում կորսված ավանդների վերադարձին առնչվող երեք նախագիծ, որոնք վաղուց արդեն մեծ նստաշրջանների օրակարգում են:

Դրանցից ամենահնի հեղինակը ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլքայանն է: Մյուսը հեղինակել են «Օրինաց երկիր»-ի պատգամավորները, երրորդը՝ այս նապատակով ստեղծված բազմակուսակցական (բացառությամբ ՀՀԿ-ի) հանձնաժողովի անդամները:

Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնության տակ չեն ստորագրել միայն ՀՀԿ-ի եւ Դաշնակցության պատգամավորները: Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունից ստորագրել է անկուսացական պատգամավոր Միքայել Վարդանյանը («Ինթերնեշընլ Մասիս Տաբակ» ընկերության նախագահը), իսկ ՀՀԿ-ի անդամ, պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նախաձեռնությունը պաշտպանել է որպես «Ժողպատգամավոր» խմբի անդամ:

«Սա կլինի լավ դաս այն պատգամավորներին, այն խմբակցության ղեկավարներին, ովքեր իմ նախաձեռնություններին հումորով են վերաբերում», - ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Խորհրդարանական ամենամեծ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փոխանցեց, թե դեռեւս չեն որոշել հրավիրվելիք նստաշրջանին իրենց մասնակցել-չմասնակցելու հարցը: Նրա կարծիքով, այսօր ավանդների վերադարձը խնդիրը երկրորդական է դառնում:

«Վտանգներ եմ տեսնում», - ասաց Սահակյանը: - «Կոալիցիայի ներսի կուսակցություններից մեկը որոշակի դաշնային փոխհարաբերությունների մեջ է ընդդիմության հետ»:

«Նրանք, ովքեր մտածում են մերկացման պրոցեսներ սկսել քաղաքական դաշտում, հենց իրենք էլ պարտավոր են դիմակները հանել եւ ժողովրդի առջեւ կանգել իրենց իրական տեսքով», - շարունակեց Սահակյանը: - «Հնարավոր է կոալիցիան չպառակտվի, բայց անընդհատ խնդիրներ ունենա, որովհետեւ ստորագրված հուշագրի մեջ ավանդների խնդիր չկա: Չկա ավանդների խնդիր կառավարության ծրագրերում, միջնաժամկետ ծրագրերում»:

«Շատ տրամաբանական է, որ ժողովրդին չափազանց հուզող այս հարցի հետ կապված մենք մասնակցենք արտահերթ նստաշրջանին», - ասաց խորհրդարանական օրինաստեղծ աշխատանքը գարնանից ի վեր բոյկոտող «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Իսկ թե ով ինչ խնդիրներով է առաջնորդվում՝ դա բացարձակապես մեզ չի հետաքրքրում. մենք առաջնորդվում ենք ժողովրդի շահերով»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG