Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը նոր հնարավորություններ է տեսնում Ղարաբաղյան բանակցություններում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունների, ինչպես նաեւ միջազգային միջնորդների դրական ներդրման արդյունքում, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում վերացվել է «վերջերս ստեղծված խոչընդոտը»:

«Կարծում եմ, որ եկող տարվա սկզբներին մենք կկարողանանք արդեն սկսել պրագյան նոր փուլ՝ նախարարների մակարդակով», - հույս հայտնեց Հայաստանի արտգործնախարարը:


Սոֆիայում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունն արձանագրում է, որ, հիմնվելով Պրահայի գործընթացի արդյունքների վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացրեցին մի բանակցային շրջանակ, որ կարող է հանդիսանալ կարգավորման հիմք:

Չի բացահայտվում, սակայն, որեւէ մանրամասն, որեւէ չնչին տարր, թե այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որը կարող է կարգավորման հիմք դառնալ, կամ այդ ի՞նչ խոչընդոտ էր, որը վերացվեց:

Օսկանյանը խուսափեց ուղղակի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, որը վերաբերում էր ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե բանակցություններում դրվում են հայկական ուժերի կողմից գրավված մի քանի շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու հարցը:

«Այնքան բան է ասվել, որ ինձ համար դժվար է ասել՝ սա հերքում եմ, սա չեմ հերքում», - ասաց նախարարը: - «Փաստորեն այսօր երկու զուգահեռ գործընթացներ են գնում՝ իսկական բանակցությունները եւ այն, ինչ մատուցվում է հանրությանը: Ես ուզում եմ կենտրոնանալ բանակցությունների բովանդակության վրա»:

Դիտարկմանը, թե անցած ամիս նախագահ Քոչարյանը Էստոնիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան կարգավորման հարցում ինքը «այնքան էլ լավատես չէ», արտգործնախարարը պարզաբանեց, թե գործընթացը տարբեր ժամանակահատվածներում տարբեր զարգացումներ է ունենում:

Օսկանյանի խոսքերով, վերջերս կային լուրջ խոչընդոտներ, որոնք հիմա վերացվել են, եւ բանակցությունները կարող են շարունակվել: Իսկ թե ինչպիսին կլինեն արդյունքները՝ դժվար է ասել:

«Իմ մոտեցումն այն է, որ պետք է զգուշավոր լավատեսություն ունենալ... Պետք է աշխատել», - ասաց Օսկանյանը: - «Դժվար է կանխատեսել, թե հանդիպումները վերսկսելուց հետո ինչ կլինի: Բայց որ կա հարցերի ընդհանուր շրջանակ, որը կարող է հիմք ծառայել, դա իսկապես փաստ է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG