Մատչելիության հղումներ

Տարադրամի փոխանակման կետերում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ


Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը հայտնեց, որ Երեւանի տարադրամի փոխանակման կետերում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

Կենտրոնական բանկի ստուգել է շուրջ 40 տասնյակ տարադրամի փոխանակման կետեր, եւ Սարգսյանի խոսքերով, խախտումները համատարած են. փոխանակման կետերը, մասնավորապես, զանգվածաբար գործարքի անդորրագրեր չեն տալիս։

«Ստուգուները ցույց տվեցին, որ փոխանակման կետերը աշխատում են օրենսդրության խախտումներով՝ հատկապես այն պահերին, երբ շուկայում ձեւավորվում է այսպիսի աժիոտաժային իրավիճակ», - ասաց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. - «Եվ նրանք նպաստում են այդ աժիոտաժի խորացմանը եւ խաղ են կազմակերպում՝ եկամուտներ ստանալու համար»:

Մյուս կողմից, փոխանակման կետերն իրենց գրանցամատյաններում, դարձյալ զանգվածաբար, չեն գրանցում արված գործարքները։ Այսինքն՝ դրանք զբաղված են ստվերային գործունեությամբ:

«Անօրինականությունը պայմանավորված է նրանով, որ նրանք սպասարկում են ստվերային տնտեսությունը, այլ ոչ թե քաղաքացիներին ծառայություն են մատուցում, քանի որ մենք արձանագրել ենք խոշորածավալ միջոցների կուտակումներ, որոնք գնացված չէին գրանցամատյաններում», - պարզաբանեց Կենտրոնական բանկի նախագահը:

Կենտրոնական բանկի ստուգման ընթացքում փոխանակման կետերից մեկում չգրանցված 97 հազար դոլար, եւ մի քանի միլիոն դրամ է հայտնաբերվել։ Փորձագետները ենթադրում են, որ այդ «անհայտ ծագման» գումարները իրականում մասնավոր բանկերի եւ խոշոր ներկրումներով զբաղված գործարարների միջոցներն են, որոնք համար պահին անօրինականորեն՝ դրածո փոխանակման կետերի միջոցով ներդրվում են՝ գերշահույթներ ստանալու նպատակով։

Վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի շարունակական անկումը շաբաթավերջին կտրուկ կերպով կանգ առավ եւ անգամ հակառակ միտումը նկատվեց ուրբաթ օրը նախագահ Քոչարյանի եւ Կենտորնական բանկի խորհրդի անդամների հանդիպումից հետո: Հանդիպմանը նախագահը Կենտրոնական բանկից պահանջել էր «վճռական եւ արագ գործողություններ»:

Մինչեւ 460 դրամի սահմանագիծը իջած դոլարն արդեն շաբաթ երեկոյան գնվում էր 500-510 դրամով։ Մինչդեռ, այսօր դոլարը կրկին գնվում էր 475-480 դրամով, իսկ վաճառանիշը տատանվում էր 490- 505 դրամի սահմաններում։ Իսկ սա նշանակում է, թե տարադրամի շուկայի հզոր սպեկուլյատիվ ուժերը շարունակում են տատանել հայաստանյան ֆինանսական շուկայի փխրուն հավասարակաշռությունը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG