Մատչելիության հղումներ

«Հայռուսգազարդ» ընկերությունում ուրբաթ օրը շնորհանդես էր կազմակերպվել «Անվտանգ գազամատակարարում Հայաստանի Հանրապետությանը՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման շրջանակներում» ծրագրի ավարտի առիթով: Սա Եվրամիության աջակցության ծրագրերից է, որոնց տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ նախադրյալներ են ստեղծում Հայկական ատոմակայանի փակման համար:

Ավարտված ծրագրով Հայաստանի մոտ 3 տասնյակ գազահորերից, որտեղ «Հայռուսգազարդ» ընկերությունը հավաքում եւ պահեստավորում է գազի պաշարները, 3-ը վերազինվել են եվրոպական չափանիշերով:

Հարցին, թե որքանով է այս վերազինումը մոտեցնում ատոմակայանի փակումը, Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը պատասխանեց. - «Եվրամիությունը փաստորեն օգնում է մեզ, որպեսզի մենք իրականացնենք այն նախապայմանները, որոնք դրված են, որպեսզի մենք կարողանանք ատոմակայանը փակել»:

Արեգ Գալստյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ Մեծամորի ատոմակայանը կարող է փակվել միայն համարժեք նոր հզորությունների առկայության դեպքում:

«Մենք պետք է այդ հզորությամբ ունենանք համապատասխան նոր հզորություններ: Եթե դա ջերմային կայան է, ուրեմն գոնե նույն հզորությամբ մենք բլոկ պետք է ունենանք», - ասաց նա: - «Հզորություններ ունենալով հանդերձ, մենք պետք է ապահովենք ինֆրաստրուկտուրային խնդիրներ, այսինքն՝ էներգառեսուրսների հուսալի մատակարարման խնդիրը»:

TASIC INOGATE տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում 3 գազահորերի արդիականացման համար ծախսվել է մոտավորապես 2 միլիոն եվրո: Իսկ ամբողջ ենթակառուցվածքը միջազգային ստանդարտների բերելու եւ դրա հուսալիությունը բարձրացնելու համար, ըստ հաշվարկների, անհրաժեշտ է եւս 27 միլիոն դոլար:

«Հայռուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքերով, այս արդիականացման աշխատանքները կատարվելու էին անկախ ատոմակայանի փակման պահանջից:

«Իմ կարծիքով, սա ատոմակայանի փակման վրա ոչ մի ձեւով չի ազդում», - ասաց նա: - «Ատոմակայանը լիներ, թե չլիներ՝ այս մոդեռնիզացիան մենք պետք է անեինք»:

Կարապետյանը ասաց նաեւ, որ ամբողջ ենթակառուցվածքը արդիականացնելու համար դեռեւս անհրաժեշտ 27 միլիոնը պետք է ներդնի «Հայռուսգազարդ»-ը եւ որ այդ նպատակով բանակությունները բանկերի հետ արդեն ընթացքի մեջ են:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG