Մատչելիության հղումներ

Վախճանվել է Խորեն Աբրահամյանը


Այսօր կեսօրին հանկարծամահ է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ թատրոնի եւ կինոյի երախտավոր Խորեն Աբրահամյանը:

74-ամյա սիրված դերասանի ու ռեժիսորի մահը ցնցել է հատկապես նրա գործընկերներին, ովքեր չորս տասնամյակից ավելի նրա հետ խաղացել են Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի բեմում:

Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պրոռեկտոր Հրաչյա Գասպարյանի համոզմանբ, Աբրահամյանի կորուստը մեր ժողովրդի համար «պատմական է»:

«Նա մի հարստություն էր, որից մենք բոլորս զրկվեցինք», - ասաց նա՝ ցավով ավելացնելով. - «Տաղանդավոր ու հանճարեղ մարդկանց կարողությունը երբեք մինչեւ վերջ չի օգտագործվել եւ չի կարող օգտագործվել, որովհետեւ նրանք ժամանակից դուրս են»:

«Ցավոք սրտի, հայ իրականությունը իր մեծերին չի կարողանում մինչեւ վերջ օգտագործել», - Գասպարյանի միտքը շարունակելով՝ ասաց ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը: - «Ցավոք սրտի, մենք մեր տաղանդների նկատմամբ շատ անփույթ ենք»:

Ընդամենը երկու ամիս առաջ էր Աբրահամյանը 10-ամյա ընդմիջումից հետո վերադարձել իր հարազատ՝ Սունդուկյանի անվան թատրոն, եւ արդեն բեմադրել ու գլխավոր դերն էր խաղացել «Ջին խաղը» ներկայացումը, աշխատում էր նոր ներկայացման վրա՝ «Առաջին սիրո երգը. 50 տարի անց»:

«Առաջին սիրո երգը» հանրահայտ ֆիլմում անցած դարի 60-ականներին Խորեն Աբրահամյանը առաջին անգամ գլխավոր դեր կատարեց կինոյում: Արդեն հետո եղան նրա հրաշալի դերակատարումները «Երեւանյան օրերի խրոնիկա», «Սարոյան եղբայրներում», «Մենք ենք, մեր սարերը», բազմաթիվ այլ սիրված ֆիլմերում:

Խորեն Աբրահամյանի ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել երկրի նախագահը: «Խոր ցավով տեղեկացա ժողովրդական դերասան Խորեն Աբրահամյանի անսպասելի մահվան մասին։ Ի դեմս Խորեն Աբրահամյանի՝ մեր ժողովուրդը կորցրեց ճշմարիտ արվեստագետ, հայ բեմի եւ կինոյի վարպետ», - ասվում է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում։ - «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Խորեն Աբրահամյանի հարազատ-ներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»։

Ստեղծվել է Խորեն Աբրահամյանի հուղարկավորման կառավարական հանձնաժողով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG